
«Ամբողջ աշխարհի ավիացիան այսօր գլոբալ ցնցում է ապրում` կապված տնտեսական ճգնաժամի հետ»,- «Դե Ֆակտո» ակումբում այսօր հայտարարեց Միկա Բաղդասարովը:
Ըստ նրա՝ այնպիսի խոշոր ավիաընկերություններ, ինչպիսիք են Ռուսական «Յունիոնը», իտալական «Օլիմպիկը», այսօր սնանկ վիճակում են:
Ինչ վերաբերում է «Արմավիա» ընկերությանը, ապա, ըստ Մ. Բաղդասարովի, ոչ միայն չի զգում այդ ճգնաժամի բացասական ազդեցությունը, այլև մեծ թափով զարգանում է. «Ճգնաժամային պայմաներում շուկայում հայտնվում են մեծ թվով ինքնաթիռներ, որոնք խոշոր ընկերությունները սնանկացման պատճառով վաճառքի են հանում շատը ցածր գներով, բացի այդ, շատ չվերթներ կասեցվում եմ, ուղևորներ են հայտնվում, այնպես որ ճգնաժամային պայմանները լավ հնարավորություն են երիտասարդ, զարգացող ընկերությունների ակտիվ գործողությունների համար»: Եվ այժմ ընկերությունը պատրաստվում է նոր ինքնաթիռներ գնել, իրականացնել միջկառավարական հանձնաժողովի կնքած համաձայնագրով նախատեսված Երևան-Լոս Անջելես, Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթները, որի համար այժմ ինքնաթիռ ձեռք բերելու փնտրտուքների մեջ են և, հավանաբար, ձեռք կբերեն «Էյրբաս 330» և «Բոինգ 777» մակնիշի ինքնաթիռներ, որոնք ավելի շահավետ են տնտեսական առումով և կարող են իրականացվել միջին երկարության չվերթներ:
Ինչ վերաբերում է Հայաստանում տոմսերի գների հնարավոր էժանացմանը՝ Եվրոպայում տոմսերի գների իջեցմանը զուգահեռ, Մ. Բաղդասարովը ասաց. «Գները անընդհատ փոխվում են, Եվրոպայում տոմսերը եվրոյով են, եվրոյի արժեքը ընկնում է, գները ընկնում են, եվրոն բարձրանում է, գները բարձրանում են»: Նա հիշեցնում է նաև, որ Եվրոպայում կտրուկ իջել է կերոսին գինը, որը նույնպես ազդել է գների վրա: Իսկ Հայաստանում, համաձայն Մ. Բաղդասարովի, այնքան էլ շուտ չի իջնի կերոսինի գինը: Ի դեպ, Մ. Բաղդասարովի փոխանցմամբ, Ֆրանսիայում կերոսինի տոննան արժե 800 դոլար, Ռուսաստանում՝ 1100, իսկ Հայաստանում այն արժե 1460 դոլար:
Մ. Բաղդասարովը դեմ է, որ կառավարությունը օդի հարկը` 10 հազար դրամը, ներառի տոմսի գնի մեջ, քանի որ դա կարող է արտասահմանցի այցելուներին խրտնեցնել. «Նրանք գալիս են Հայաստան ու երբ ուզում են ետ վերադառնալ, ստանում են այդպիսի գեղեցիկ նվեր` 10000 դրամ վճար»: Նա հիշեցնում է նաև, որ երբ այդ հարկը մտցնում էին, այն կազմում էր 20 դոլար, իսկ այսօր այն կազմում է արդեն 34 դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել