Խնամատար ընտանիքի մոդելը փորձարկվել է մարզերում
Այս տարվա հունիսին կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանում ներդնել խնամատար ընտանիքի մոդելը:
Նախքան որոշում ընդունելը փորձնական ծրագիր իրականացվեց Վանաձորի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մանկատներում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի գնահատմամբ՝ փորձնական ծրագիրը բավարար արդյունքներ է գրանցել:
Ընտանիքները, որոնք որոշել են մանկատնից երեխա վերցնել եւ խնամել, կառավարության կողմից ամսեկան փոխհատուցում են ստացել՝ 66.000 դրամ: Գումարի նպատակային օգտագործումը վերահսկվում է մարզպետարանի, գյուղապետարանի, ծրագիրն իրականացնող կողմ հանդիսացող ՀՕՖ կազմակերպության կողմից:
Դժգոհություն ունենալու դեպքում երեխան կարող էր դիմել խնամատար մանկաբարձության մարմիններին: Սակայն նման դեպքեր չեն գրանցվել: Երեխաներից միայն մեկն է հրաժարվել մնալ ընտանիքում եւ վերադարձել է մանկատուն: Այս մասին տեղեկացանք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ծրագիրը պետք է իրականացվեր նաեւ Երեևանում, սակայն այս տարվա բյուջեով գումար չի նախատեսվել, թեեւ դիմումները շատ են:
Այնուամենայնիվ, Երեւանում կան ընտանիքներ, որոնք երեխաներին խնամում են առանց պետական աջակցության: Կառավարությունը հայտնել է, որ 2010 թ. ֆինանսապես պատրաստ կլինի իրականացնել ծրագիրը նաեւ Երեւանում:
Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը հայտնում է, որ ցանկանում են դոնոր կազմակերպություններ գտնել 2008-2009 թթ. ծրագիրն իրականացնելու համար: Մեր այն հարցին, թե ինչու՞ նման բարի նպատակներ ունեցող ծրագիրը պատշաճ ուշադրության չի արժանանում, Մ. Անտոնյանը պատասխանեց. «Սա շատ լուրջ ծրագիր է, եւ ես ուրախ եմ, որ մրցույթի առարկա չի դարձել: Հավանաբար, շահագրգիռ կողմերը մոտավոր հաշվարկ են իրականացնում, թե որքա՞ն գումար պետք է ծախսեն` ամեն երեխայի համար ենթադրվում է ծախսել ամենաքիչը 60. 000 դրամ, իսկ այսօր մենք ուզում ենք գոնե 100 երեխա տեղավորել ընտանիքներում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել