HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղաքապետարանն ու ԴԱՀԿԾ-ն չեն կատարում դատարանի վճիռը

Քաղաքացի Գեւորգ Բաղդասարյանը, չնայած նոտարով հաստատված պայմանագրի, կադաստրի կողմից տրված վարձակալության վկայականի ու օրինական ուժ ստացած դատավճռի առկայությանը, չի կարողանում քաղաքապետարանից հետ ստանալ իրեն տրված տարածքը:

2002-2006 թթ. Գեւորգը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում զբաղվել է մանրածախ առեւտրով: 2006-ին գետնանցումը որոշ ժամանակով փակվել է վերանորոգման եւ բարեկարգման նպատակով: Արաբկիրի թաղապետարանն էլ առեւտրականների հետ կնքել է վարձակալության պայմանագրեր` պայմանով, որ վերանորոգումից հետո կրպակատերերը հետ կստանան իրենց տարածքները:

2007-ի մարտին Գեւորգ Բաղդասարյանը 25 տարվա վարձակալության պայմանագիր է ստորագրել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ, որը վավերացվել է նոտարի կողմից, ինչի հիման վրա էլ Բաղդասարյանին կադաստրից տրվել է վարձակալության վկայական:

2007-ի մայիսին էլ, ի լրումն երկու կողմերի միջեւ առկա պայմանագրի, կնքվել է հավելված, որով սահմանվում է. «Ստորգետնյա տարածքում խանութների, կրպակների, ինչպես նաեւ նրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների, սանհանգույցի, նոր էլեկտրամալուխների տեղադրման աշխատանքների արժեքը խանութների ու կրպակների տարածքի վարձակալները, համաձայն իրենց առաջարկության եւ փոխադարձ պայմանավորվածության, վճարում են իրենց սեփական միջոցներից` հետեւաբար դառնալով իրենց վարձակալությամբ հատկացված տարածքի վրա կառուցված շինության սեփականատեր»: Հետագայում, սակայն, քաղաքացին այդպես էլ չի ստացել իրեն տրված 3 քմ տարածքը:

Այս կապակցությամբ նա դիմել է այն ժամանակվա ՄԻՊ Արմեն Հարությունյանին: Վերջինիս նամակին ի պատասխան` Հ. Շահինյանը հայտնել է, թե կնքված պայմանագրերը մեկով ավել են եղել առկա կրպակների քանակից, եւ այդ ավելը բաժին է ընկել հենց Բաղդասարյանին: Բացի այդ` նշել է, որ Գեւորգի վարձակալության վկայականի գծագրից «հնարավոր չէ պարզել, թե իրեն (Բաղդասարյանին- հեղ.) հատկացված 3 քմ մակերեսով տարածքը որ գործող կրպակի տարածքի հետ է համընկնում: Գծագրում նշված կրպակը կարող է համընկնել 3-4 գործող կրպակներից որեւէ մեկի տարածքի հետ»:

Փաստորեն, թաղապետարանը տարածքի տրամադրման պայմանագիր է կնքել քաղաքացու հետ, վերջինս սեփական միջոցներով վճարել է այդ տարածքում իրականացված մի շարք աշխատանքների համար, սակայն իր հասանելիքն այդպես էլ չի ստացել: Օմբուդսմենը Շահինյանի պատճառաբանությունը համարել է անհիմն ու մարդու իրավունքների խախտում դիտել նրա գործողությունները (անգործությունը):

Խախտումները վերացնելու ՄԻՊ-ի առաջարկն այդպես էլ արձագանք չի ստացել: Գ. Բաղդասարյանը դիմել է դատարան: 2010-ի մարտին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա հայցը` պարտավորեցնելով նախկին Արաբկիր համայնքի իրավահաջորդ Երեւան համայնքին քաղաքացուն տրամադրել պայմանագրով նախատեսված տարածքը: Վերաքննիչ դատարանն այս վճիռը թողել է ուժի մեջ, եւ 2010-ի հունիսին այն ստացել է օրինական ուժ: Այդուհանդերձ, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ԴԱՀԿ ծառայությունը մատը մատին չեն խփել` վճիռն իրականացնելու համար:

Գեւորգը անկախ փորձագետի միջոցով հաշվարկել է, որ համայնքային իշխանությունների պատճառով կորցրել է 8,2 մլն դրամ, քանի որ իրեն տրված տարածքը ենթավարձակալության տալով` հենց այդքան գումար կարող էր վաստակել 2007-ից ի վեր: Գումարային փոխհատուցման նոր հայցով նա այս տարվա սկզբին կրկին մտել է դատարան: Գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Տարածքի տրամադրման մասով վճռի կատարման վերաբերյալ Գ. Բաղդասարյանը նաեւ նամակ էր ուղարկել քաղաքապետին: Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զ. Առաքելյանի ստորագրությամբ պատասխանում նրան առաջարկվել է հաշտության գալ ուժի մեջ մտած վճռի եւ գումարային պահանջի նոր հայցի մասով: Նշվել է, որ քաղաքապետարանը պատրաստ է գետնանցումի 3 քմ տարածքի փոխարեն տրամադրել 14,7 քմ տարածք Հր. Քոչար փողոցի սկզբնամասում:

Բաղդասարյանը համաձայնել է, նույնիսկ հասցրել է 30.000 դրամ վճարել «տարածքի գեոդեզիայի» համար, սակայն հաջորդ օրն իսկ քաղաքապետարանից նրան հայտնել են, որ նոր տարածքը չեն կարող տալ, քանի որ չկա քաղաքապետի համաձայնությունը: Գեւորգը կարծում է, որ Կարեն Կարապետյանը պարզապես անտեղյակ է հաշտեցման այս չհաջողված գործընթացից:

Նա դիմել է նաեւ երկրի նախագահին: Նամակը վերահասցեագրվել է քաղաքապետարան եւ արդարադատության նախարարություն: Երկուսից էլ անհասկանալի պատասխաններ են եկել, որոնք ոչ մի կերպ լուծում չեն տալիս իրենց իսկ (քաղաքապետարանի եւ ԴԱՀԿ ծառայության) կողմից շարունակվող անգործությանը:

ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Փանոսյանը գրել է. «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար ու ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում»: Լավ կլիներ, որ պրն Փանոսյանը այս ամենը ի գիտություն հայտներ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը եւ քաղաքապետարանին:

Մեկնաբանություններ (1)

ՆՆ
Դա հիմա բարդ խնդիր չէ, քաղաքացին թող դիմի լավ իրավաբանի, կան եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպեր, որոնք ՀՀ պարտադրում են կատարել մեր իսկ պետության դատարանի վճիռների պահանջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter