HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները սպառնում են սփյուռքահայ ուսանողներին վտարել Հայաստանից

«Հետքը» վերջերս անդրադարձել էր մուտքի վիզաների ուշացման պատճառով սփյուռքահայ ուսանողներից տուգանք գանձելու խնդրին: Բանն այն է, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանում օտարերկրացիների կացության ձևերը: Համաձայն Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով: Ուսանողների կեցության կարգավիճակով, սակայն, զբաղվում են բուհերը: Մուտքի վիզան տրամադրող ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության` Օվիրի և պետական բուհերի միջև համաձայնություն է եղել, որպեսզի այդ գումարը գանձվի սփյուռքահայ ուսանողների վճարած ուսման վարձերից, քանի որ նրանք գրեթե կրկնակի շատ են վճարում, քան ՀՀ քաղաքացիները: Ժամանակավոր կացության կարգավիճակը ուսանողներին տրվում է մեկ տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց 30 օր առաջ հնարավորություն է տրվում այն ևս մեկ տարով երկարաձգել: Ընդունված կարգի համաձայն, վիզայի նորացման համար պահանջվող փաստաթղթերը ԲՈՒՀ-երի համապատասխան բաժիններն են ներկայացնում ուսումնական տարվա հենց սկզբում: «Բոլոր բուհերը չեն կատարել իրենց պարտականությունները, չեն վճարել պետական տուրքը և օրենքով նախատեսված ժամկետում չեն դիմել ՕՎԻՐ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեցին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամներ Անի Ազատգոլը, Մհեր Հակոբյանը և Հայկ Ասատրյանը: Այս ուսումնական տարում փաստաթղթերի ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև օգօստոսի 20-ը, մինչդեռ ամեն տարի ժամկետը սեպտեմբերի 15-ն էր: Այդ մասին տեղյակ չեն եղել ուսանողները, քանի որ արձակուրդային շրջան է եղել, ուսանողների մեծ մասը գտնվել է իրենց երկրներում: Երբ ուսանողները ուսումնական տարվա սկզբին վերադարձել են դասընթացների, պարզվել է, որ պետք է տուգանքներ մուծեն` 50-100 000 դրամ, քանի որ ուշացրել են վիզաների թարմացումը: «Ոստիկանը գալիս է մի սփյուռքահայ ուսանողուհու տուն, ասում է, որ պետք է տուգանքը վճարի, այլապես իրեն դեպորտ կանեն»,-պատմում է Անի Ազատգոլը: Ուսանողները տուգանման որոշման մասին և այդ մասին իրազեկելու ձևերի վերաբերյալ բողոքել են ՀՀ ԿԳ նախարարությանը, որտեղից ստացել են պատասխան, թե հավաստագրերի ուշացումը տեխնիկական բնույթ է կրում, և ԲՈՒՀ-երը նախարարության կողմից տեղեկացվել են, որպեսզի իրենք մուծեն տուգանքները, և ոչ թե ուսանողները: Այդուհանդերձ, բանախոսները փաստում են, որ երեկվա դրությամբ դեռ շարունակում են այցելությունները սփյուռքահայ ուսանողների տներ: ԲՈՒՀ-երը չեն մուծում այդ տուգանքները, չնայած իրենք են եղել այդ ամենի մեղավորը: Ըստ Մհեր Հակոբյանի` այս խնդիրն ունի երկու կողմ` իրավական և բարոյական: Իրավակամ մասին անդրադառնալով` Մհեր Հակոբյանը նշեց, որ Օվիրը դիմել է ոստիկանությանը, որպեսզի վերջինս զբաղվի այդ հարցերով: «Ոստիկանները մինչև երեկ գնում էին ուսանողների տները, հայտնում են, որ չեն վճարում և սպառնում են նրանց արտաքսել Հայաստանից»,-ասում է Հայկ Ասատրյանը: «Ոստիկանությունը նման իրավունք չունի: Օտրաերկրացիների մասին օրենքը խախտելու համար արտաքսելու իրավունք ունի միայն դատարանը, ոստիկանությունը կարող է միայն գործ հարուցել»,-շարունակում է Մհեր Հակոբյանը` նշելով, որ բարոյական իմաստով «սա սպառնալիք է հնչում սփյուռքահայ ուսանողներին իրենց կրթությունը հայրենիքում շարունակելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter