Բոլոր բեկորներն էլ ենթարկվել են փորձաքննության
Մարտի 1-2-ին տարբեր անձանց պատճառված մարմնական վնասվածքների բնույթը, աստիճանը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը:
Աղբյուրի փոխանցմամբ` ըստ փորձաքննությունների եզրակացությունների, մարտի 1-2-ին Երեւանի քաղաքապետարանին հարակից տարածքներում եւ կենտրոնական փողոցներում պայթուցիկ սարքերի բեկորներից մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության շուրջ 4 տասնյակ աշխատակից եւ զինծառայող: Դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ վնասվածքներն առաջացել են տրոտիլ պայթուցիկ նյութ պարունակող պայթուցիկ սարքավորման, ինչպես նաեւ գործարանային արտադրության նռնակների պայթյուններից:
«Ոստիկանության կապիտան Հ. Թադեւոսյանի դիակից եւ հագուստի վրայից հայտնաբերված բեկորները, ըստ փորձաքննության եզրակացության, բեկորացվել են պայթյունի հետևանքով, որոնք գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5», և «ՌԳ-42» տեսակի նռնակների պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի բեկոր են: Ընդ որում՝ «ՈՒԶՌԳՄ» -ը նախատեսված է բացառապես գործարանային արտադրության նշված մարտական նռնակները պայթեցնելու համար: Ինչ վերաբերում է որոշ թերթերի այն պնդումներին, թե այդ պայթուցիչը օգտագործվում է նաեւ «Զարյա-2» եւ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցները պայթեցնելու համար՝ առնվազն անհեթեթություն է: «ՈՒԶՌԳՄ»-ը չի կարող կիրառվել «Զարյա-2» հատուկ միջոցը պայթեցնելու համար, «Չերյոմուխա-7» -ը փամփուշտ է, որն արձակվում է հրացանի միջոցով»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել