HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ տուն, Հայաստան». վաղը կմեկնարկի «Հեռուստամարաթոն 2008»-ը

Վաղը՝ նոյեմբերի 27-ին,երեկոյան ժամը 8-ից կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը, որը կտեւի 12 ժամ: Հեռուստամարաթոնը կաբելային, արբանյակային ու ինտերնետ կապով կսփռվի բոլոր մայրցամաքներով: Հեռուստամարաթոնի կարգախոսն է` «Իմ տուն, Հայաստան»: Նախորդող ակտիվ քարոզարշավի շնորհիվ շատերին արդեն ծանոթ է նաեւ Հեռուստամարաթոնի լոգոն` ծխնելույզից դուրս եկող եռագույն քուլաներով կապույտ տնակը, որի հեղինակը նկարիչ էդիկ Բալայանն է: Նրա հավաստմամբ` այս խորհրդանիշը ստեղծելիս ոգեշնչվել է հանճարեղ Մինասի արվեստով: «Հայաստան» հիմնադրամի կայքէջի հաղորդում է, որ հեռուստամարաթոնի ընթացքում կհեռարձակվեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենային Հայոց Կաթողիկոսի՝ համայն հայությանն ուղղված ուղերձները: Հայաստանից ու սփյուռքից բազմաթիվ հայ աստղեր կմասնակցեն հեռուստամարաթոնին: Կհնչի օրըստօրե ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերող «Հեռուստամարաթոն 2008»-ին նվիրված` «Քո ձեռքը տուր ինձ» երգը: Համանուն տեսահոլովակի ռեժիսոր Դավիթ Բաբայանը եւ երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը նույնպես կմասնակցեն հեռուստամարաթոնին: Վարողների թվում կլինեն Հրանտ Թոխատյանը, Անիտա Հախվերդյանը, Արտակ Հերիքյանը եւ այլ մշակութային գործչիներ, հաղորդավարներ, մտավորականներ: «Հեռուստամարաթոն 2008»-ի համար Հիմնադրամն արդեն ստացել է մոտ 30 մլն դոլարի խոստում, որոնց թվում կան խոշոր նվիրատվություններ. Սամվել Կարապետյան՝ 15 մլն դոլար հատուկ Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցման համար, Սերգեյ Համբարձումյան՝ 3մլն 400 հազար դոլար, Գագիկ Ծառուկյան՝ 2 մլն դոլար, Գենադի Ստեփանյան՝ 1 մլն դոլար, «ՎիվաՍել»՝ 1 մլն դոլար, Ֆեդիկ Խաչատրյան՝ 1 մլն դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ 500.000 դոլար, «Միքայել Վարդանյան» հիմնադրամ՝ 300.000 դոլար, Միխայիլ Բաղդասարով՝ 300.000 դոլար, Սամվել Ալեքսանյան՝ 200.000 դոլար եւ 100.000 դոլար հատուկ Շուշիի համար, «Էդուարդո Էռնեկյան խումբ»՝ 250.000 դոլար, Գագիկ Ադիբեկյան (ՌԴ գրուպ)՝ 100.000 դոլար, Վարուժան Գրիգորյան՝ 100.000 դոլար, Գագիկ Զաքարյան՝ 100.000 դոլար, Բարսեղ Բեգլարյան՝ 100.000 դոլար: Նշենք, որ մինչ այս Ֆրանսիայում նոյեմբերի 13-16-ը իրականացված համաեվրոպական «Հեռախոսամարաթոնի» արդյունքում հավաքվել էր 1 մլն 200 հազար եվրո, իսկ «Հայաստան» հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը հավաքել է 60 հազար դոլարի նվիրատվության խոստում: Վաղը Լիբանանում դրամահավաքի նպատակով կկազմակերպվի «Ռադիոմարաթոն»: Այս գումարներն ուղղվելու են Հայաստանում եւ Արցախում զարգացման ծրագրերի իրականացմանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի ավելի քան 250 000 հայ ընտանիք է մասնակցել հեռուստամարաթոնին` նվիրաբերելով ավելի քան 15 միլիոն դոլար: Նվիրատվությունների գումարը տատանվել է 100 դրամից (30 ցենտ) մինչեւ մի քանի միլիոն դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter