ՀԿ-ների եւ ոչ պետական թերթերի աջակցությունը թափանցիկ չէ՞
Այսօր կայացած ԼՂՀ Ազգային ժողովի նիստում կառավարության ներկայացուցիչը պատգամավորներին ներկայացրեց ԼՂՀ 2008թ. ինը ամիսների պետական բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարության տեղեկատվությունը: Խոսելով տարբեր բնագավառներում կատարված ծախսերի մասին՝ կառավարության ներկայացուցիչը նշել է, որ հասարակական կազմակերպություններին եւ ոչ պետական թերթերին պետական աջակցությունը նշված ժամանակահատվածում կազմել է 31095,7 հազար դրամ: Պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ թերթերի եւ ծրագրերի է աջակցություն ցուցաբերվել, սակայն, չստանալով բավարար պատասխան, նա հարցը բարձրացրեց նաեւ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ հասարակական կազմակերպությունների համար մրցույթ է հայտարարվում, եւ տարբեր անվանակարգերում հաղթող ծրագրերը ֆինանսավորվում են: Այս տարի այդ մրցույթը, որն անց էր կացվում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից, չկայացավ: Տեղեկություն չկար նաեւ, թե ի՞նչ թերթերի է ֆինանսական աջակցություն ցուցաբերվել:
Պատգամավորը հարցրեց, թե ինչու՞ չի անցկացվել մրցույթը, եւ ու՞մ են տրամադրվել գումարները: Ի պատասխան՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշելով, որ ծրագրերի համար մրցույթի անցկացումը անհրաժեշտ է եւ հաջորդ տարի էլ են դրանով առաջնորդվելու, մասնավորապես ասաց. «Չեմ ուզում թերագնահատել հանձնաժողովի կողմից նախկինում կատարված աշխատանքը, բայց այն մեզ չի բավարարում»: Նա միաժամանակ շեշտեց, որ այս տարի որոշել են մրցույթ չանցկացնել: «2008-ին ֆինանսավորել ենք այն կազմակերպություներին, որոնց պարտավոր ենք աջակցել`Ազատամարտիկների, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություններ, ինչպես նաեւ՝ Գրողների, Նկարիչների միություններ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել