Հ. Միրզոյան. "Ծրագրերի իրականացման համար ցանկություն է պետք և աշխատել է պետք"
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Հայկ Միրզոյանը այսօր "Դե Ֆակտո” ակումբում խոսեց տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով կառավարության ձեռնարկած քայլերի մասին: Դեռ մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ պետք է ստեղծվի վարչապետին կից խորհուրդ, որը զբաղվելու է բիզնես ծրագրերի քննարկմամբ և աջակցության ուղղությունների հայտնաբերմամբ: "Այդ խորհրդում կարող են քննարկվել նաև կոնկրետ ձեռնարկություններում առաջացած կոնկրետ խնդիրներ, որպեսզի դրանց օպերատիվ լուծումներ տրվեն", - ասում Հայկ Միրզոյանը: Սակայն դեռևս պաշտոնապես որոշում չկա խորհրդի ստեղծման մասին:
Հաջորդ քայլը, ըստ Հայկ Միրզոյանի, մանր և միջին ձեռնարկություններին պետական երաշխիքների տրամադրումն է, այսինքն` առանց գրավների մատչելի գներով վարկերի տրամադրում: Հ. Միրզոյանը ասաց նաև, որ մանր և միջին ձեռնարկատիրությանը խրախուսելու նպատակով արտաբյուջետային միջոցներից տրամադրված 17 մլրդ դրամից զատ, այժմ բանակցություներ են վարվում նաև Համաշխարհային բանկի հետ` ևս 250 մլն դոլարի վարկային միջոցներ ներգրավելու համար:
Ըստ Հայկ Միրզոյանի` հստակեցվում են նաև ձեռնակությունների կապիտալի ֆինանսավորման ուղղությամբ ծրագիր իրականացնելու մեխանիզմները: Այդ ծրագրի իրականացման համար մարզերում արդեն սկսվել է բիզնես ծրագրերի հավաքագրումը, որոնք պետք է իրականացվեն ըստ անհրաժեշտության: Ամեն մարզից հավաքվում է 5-10 ծրագիր:
Հայկ Միրոզյանը տեղեկացրեց նաև, որ նախարարությունը հայեցակարգ է մշակել պետական- մասնավոր համագործակցությամբ ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման ուղղությամբ: Կոնկրետ մշակվել է արդեն Զվարթնոցում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգը, որը նպատակ ունի խթանելու գյուղմթերքների արտադրանքի արտահանումը արտերկիր. Զվարթնոցի ազատ գոտին կունենա պահեստավորման ծառայություններ, սառնարանային ծառայություններ, արտահանման գոտի, փորձարկման լաբորատորիա: “Խնդիրն այն է, որ մեր մրգերը և' ժամանակային, և' որակական առումով արտաքին շուկա կարողանանք բերել”,- ասաց պրն Միրզոյանը: Ըստ նրա` սա նաեւ հնարավորություն կտա գյուղացիներին իրենց արտադրանքն իրացնել ավելի բարձր գներով:
Հարցին, թե այս հեռահար ծրագրերը կարող են իրականացվել տնտեսական ճգնաժամի պայմաներում, Հ. Միրզոյանը պատասխանեց. ”Ծրագրերի իրականացման համար ցանկություն է պետք ու աշխատել է պետք”:
Հ. Միրզոյանը համոզված է, որ հանքարդյունաբերական ոլորտում հնարավոր կրճատումների դեպքում այլընտրանքային ճանապարհներ կարող են դառնալ մանր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, ճանապարհաշինարարական ծրագրերի մեջ աշխատողների ներգրավումը:
Նա համաձայն է մի շարք տնտեսագետների պնդումների հետ, որ Հայաստանը կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել ի օգուտ իրեն. “Կարծում եմ` դա կարող է օգուտ տալ, եթե մեր դրսի հայերը ներդրումներ կատարեն Հյաստանում`ընդունելով, որ այստեղ վիճակը ավելի կայուն է, քան արտերկրում”:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել