HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկները հայտարարել են նախազգուշական հացադուլ

Քիչ առաջ «Եռաբլուր» պանթեոնում եռօրյա նախազգուշական հացադուլ սկսեցին ազատամարտիկներ Արմեն Մանուկյանը, Գագիկ Բեկջանյանը, Վարդան Մալխասյանը եւ Մերուժան Հարությունյանը: Րոպեներ անց նրանց միացավ նաեւ ազատամարտիկ Սուրեն Մարտիրոսյանը: Նրանք իշխանություններից պահանջում են «Ազատագրված տարածքներից չզիջել ոչ մի թիզ հող», իսկ «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս»: «Պահանջում ենք նաեւ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- ասում է Մերուժան Հարությունյան: Նա արցախյան գոյամարտի ժամանակ մարտնչել է «Հատուկ գնդի» կազմում: Վերջինիս խոսքերով` ամենեւին պատահական չէ, «որ մեր իշխանությունները հիմնականում Արցախի հերոսներին այսօր պահում են անազատության մեջ, իսկ իրենք Ղարաբաղի հարց են քննարկում»: «Իհարկե, դա ծրագրված է: Տղաներին նստացրել են սուտ ցուցմունքներով: Ի՞նչ է, իր (Սերժ Սարգսյանի - «Հետք») իմիջը, լեգիտիմությունն ավելի՞ կարեւոր է, քան Հայաստանի Հանրապետությունը: Պարզապես խորհորդ կտամ բոլոր իշխանական աթոռներին նստածներին մի քիչ մտածել: Վաղը կորող է ուշ լինել»,- ավելացնում է Արմեն Մանուկյանը: Նա թեեւ մանկուց 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց ակտիվորեն մասնակցել է Արցախի ազատագրմանը` ընդգրկվելով «Արծիվ 13» ջոկատում: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում հացադուլավորները կլինեն տասը: Ակցիայի մասին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Առողջապահության նախարարությունը եւ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը: Ազատամարտիկները նշում են, որ եթե իշխանությունները դարձյալ «տեղից չշարժվեն», պատրաստ են հայտարարել անժամկետ հացադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter