HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյան. «Սուրբ Նորաշենի» նկատմամբ կատարվել է հանցագործություն

Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների ու եկեղեցիների վրացականացման փաստերը այսօր Նովոստի մամուլի միջազգային կենտրոնում ներկայացնում էր «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանի ուսումնասիրություններով, բոլոր եկեղեցիները Թբիլիսիում վրացացվել են վերականգնման պատրվակի ներքո և հստակ ընտրված եղանակներով: Այսպես, հայոց եկեղեցիների խորանը` սուրբ սեղանով հանդերձ, աղոթասրահի հատակից մոտ 80 սմ բարձր է, և երկու կողմից աստիճաններ կան, որոնք տանում են դեպի խորան: Վրաց եկեղեցին, ինչպես հույն և օրթոդոքս եկեղեցիներն ընդհանրապես, նման բեմ չունի: Հայ եկեղեցիները յուրացնելու ժամանակ վրացիները նախ քանդում, հողին են հավասարեցնում բեմը: Հյուսիսային պատի մեջ հայկական եկեղեցիները ունեն մկրտարանի ավազան, որը սովորաբար միակտոր քարից է: Վրաց եկեղեցին նույնպես ունի մկրտության ծեսը, բայց նրանց մկրտարանը շարժական թաս է: Այդ անշարժ շինությունը նրանք չունեն, դրա համար էլ ոչնչացնում են մկրտարանի ավազանը: Հետո հերթը հասնում է բոլոր վիմագիր ու փորագիր արձանագրություններին և որմնանկարներին: Վրաց եկեղեցու ծիսակարգում եկեղեցու տարածքում շիրիմներ ամփոփելը ընդունված է, իսկ մեր գերեզմանոցները եկեղեցու շուրջ են, ներսում տապանաքարեր չեն տեղադրվում: Վրացացնելու նպատակով ոչնչացվում են հայկական եկեղեցիների շուրջ եղած գերեզմանոցներն ու շիրմաքարերը, ինչպես նոյեմբերի 16-ին փորձել էր անել Տարիել Սիքինչելաշվիլին: Սամվել Կարապետյանի կարծիքով, այս խնդիրը պետք է կարգավորվի դատական ճանապարհով, քանի որ հուշարձանների նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն: «Արդեն երկու տասնամյակ լսում ենք «Նորաշենի» շուրջ կատարվող իրադարձությունների նման բազմաթիվ լուրեր: Քաղաքակիրթ մարդկությունը ստեղծել է տարբեր տեսակի օրենքներ, այսինքն` որպեսզի հանցագործությունը դադարի, պետք է հանցագործը անպայման պատժվի: Կատարվել է հանցագործություն, փաստեր ունենք, պիտի ներկայացնենք դատարան: Սա է ճանապարհը: Մենք ուղղակի մի ժողովուրդ ենք, որ սիրում է անընդհատ համակերպվել և խնդրագրեր գրել`սկսած Պետրոս մեծի ժամանակներից»,-համոզված է բանախոսը: Հետքի այն հարցին, թե ովքեր պիտի դիմեն և որ դատարան, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Ես իրավաբան չեմ, ամեն երկրորդին հարցնում ես, թե որտեղ է սովորում, պատասխանում են` իրավաբանականում: Այսքան իրավաբաններ ունենք, թող ուսումնասիրեն, ես փաստերը կտամ»: Մայր Աթոռի գործունեությունը հայկական եկեղեցիների և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ Սամվել Կարապետյանը լիարժեք չի համարում: Ավելին, գտնում է, որ պետությունը, մասնավորապես մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները այս իմաստով առաջնահերթ անելիքներ ունեն: Բանախոսն ասում է, որ դատարան դիմելու նախադեպ արդեն կա: Մոտ 2 ամիս առաջ Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը նախաձեռնել է Ջուղայի հայկական գերեզմանոցի հայցը և դիմել են Եվրոպական դատարան, գործն արդեն ընթացք է ստացել: Վրաստանում հայկական հուշարձանների մասին «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի ղեկավարը արդեն տպագրել է 6 աշխատություն, որտեղ ամփոփված են հայկական հուշարձանների, եկեղեցիների առկայության և ոչնչացման փաստացի ապացույցներ: «Դեռ տասնամյակներ առաջ մենք հասկացել էինք, որ այն, ինչը ՀՀ սահմաններից դուրս է, ավելի վտանգված է, ուստի մեր ուժերի սահմաններում կարևորությունը տվել ենք այդ հուշարձաններին»,-նշեց Սամվել Կարապետյանը` պատրաստակամություն հայտնելով դատական գործ սկսելու դեպքում փաստական մասը տրամադրել իրավաբաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter