Դավիթ Հակոբյան. «Լավագույն ազգերից մեկը վատթարագույն ղեկավարների ձեռքում է»
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հայտնեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերի ղեկավարների հետ Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկման ժամանակ իրեն շատ պատշաճ պահեց. «3 րոպեի փոխարեն ինձ 8 րոպե թույլ տվեց խոսել: Ելույթիս ամեն վայրկյանին սպասում էի, թե կացին կիջնի գլխիս, սակայն այդպիսի բան չեղավ»,- ասաց Դավիթ Հակոբյանը: Լրագրողներից մեկը, սակայն, նշեց, որ վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, թե նախագահը Դ. Հակոբյանին դիմել էր «արա»-ով, ինչին Մարքսիստական կուսակցության ղեկավարը արձագանքեց. «Նախագահը մեր վոժդն է, եւ նա ամեն ինչ ասելու իրավունք ունի, ես նշում եմ, որ նա շատ համբերատար լսեց իմ նկատառումները»:
Մյուս բանախոսը` Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, դրական գնահատեց նման քննարկումները: Նա հայտնել էր, որ ամենակարեւորը այժմ Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Նախագահին ուղղված՝ Տիգրան Կարապետյանի մյուս հարցն էլ փախստականների վերաբերյալ էր. «Ինչու՞ համանախագահները փախստականների մասին խոսելիս չեն նշում նրանց կոնկրետ թվերը»:
Նրա խոսքերով` սա միակ դեպքն էր, երբ արտախորհրդարանական ուժերին արտահայտվելու հնարավորություն տրվեց: «Ես չգիտեմ, թե որքանով հաշվի կառնվեն մեր ասածները, սակայն արդեն կարեւոր է, որ մեզ լսեցին»:
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահանզարյանը Դավիթ Հակոբյանի մասին այսպիսի մի արտահայտություն էր արել. «Դե մեկը պիտի մեզ զվարճացնի՞»: Ի պատասխան՝ այսօր Դավիթ Հակոբյանն ասաց. «Երբ քաղաքական գործիչները տգետ են ու տխմար, դիմում են հոգեբանական ճնշման»: Այնուհետեւ նա նշեց, որ այսօր իրական ընդդիմությունը ոչ թե Հայ ազգային կոնգրեսն է, այլ Մարքսիստական կուսակցությունը: Լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչ է նշանակում այն, որ նա պաշտպանում է Սերժ Սարգսյանին, խնդիրներ ունի Դավիթ Շահնազարյանի հետ, սակայն կանգնած է ընդդիմության կողքին: Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ ինքն ամենեւին էլ քաղաքական դուալիզմով չի տառապում, եւ երկրի առաջին նախագահը տեղյակ էր իր մասնակցության մասին, իսկ քննարկման հաջորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հրավիրել է իր մոտ, եւ նա պատմել է, թե ինչ է տեղի ունեցել քննարկման ժամանակ:
Տիգրան Կարապետյանն էլ նեղսրտած էր, որ մամուլում գրել էին, թե ինքը կողմ է Աղդամը վերադարձնելուն. «Ես այդպիսի բան չեմ ասել: Ընդհանրապես, ինձ որ մնար, ես կյանքիս ընթացքում ոչ մեկին ոչ մի բան չեմ վերադարձրել»: Նաեւ բողոքեց, որ իր ելույթների ժամանակ հեռարձակում են իր հազը եւ ոչ՝ ասելիքը. «Ուզու՞մ եք մի հատ էքսկլյուզիվ հազամ»,- առաջարկեց նա լրագրողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել