HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշենի բնակիչները բողոքում են աղբահանությունից եւ լուսավորությունից

Դավթաշեն թաղամասի մի քանի բնակիչներ դիմել են Հետքին՝ բողոքելով համայնքի լուսավորությունից: «Երեկոյան ժամը 7-ին երեխաներիս հետ վախենում եմ դուրս գալ զբոսնելու, բացի այդ էլ՝ այսպես կոչված խաղահրապարակները` մի քանի ճոճանակները, դրված են ուղիղ ասֆալտի վրա, եւ երեխաներս ամեն անգամ վնասվում են»,- ասում է Լուսինե Սիմոնյանը: Լուսինեի բողոքը Հետքը փոխանցեց համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին: «Լուսավորությունը Դավթաշենում լուրջ հարց է: 2009 թ. համար դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի լուսավորվեն Փիրումյան փողոցը եւ Դավթաշեն գյուղի 1-ին եւ 2-րդ փողոցները: Իսկ բակային լուսավորությունը իրականացնել դեռ հնարավոր չէ, սակայն խոսք եմ տալիս 2-3 տարի հետո բակային լուսավորությունը ամբողջովին իրականացնել»: Խաղահրապարակների հարցին ի պատասխան՝ թաղապետն ասաց. «Մարդիկ իրենց բակերը վերածում են ավտոտնակների շարանների, և երևի շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ սովորաբար թաղապետն իր գրպանից փող է հատկացնում եւ հնարավոր վայրերում մի քանի խաղահրապարակ կառուցում: Այս առումով ես կառաջարկեի, որպեսզի մեր բնակիչները իրենց ավտոտնակները քանդեն, մենք էլ լավ խաղահրապարակներ կկառուցենք»: Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ 2009 թ. բյուջեից մեծ գումար է հատկացվելու խաղահրապարակների բարելավմանը: Հետքը Դավթաշենի բնակիչների շրջանում հարցումներ իրականացնելով պարզեց, որ համայնքի բնակիչները դժգոհ են 1-ին եւ 2-րդ թաղամասերի միջեւ ընկած այգու վերեւի հատվածի՝ աղբանոցի վերածվելուց. «Նրանք չեն հասկանում, որ որքան չմաքրեն, այդքան ավելանալու է այդ աղբը, եւ մաքրման աշխատանքները ավելի են դժվարանալու: Ես ինքս քանի անգամ տեսել եմ, թե ինչպես է բեռնատարը գալիս եւ շինաղբ լցնում այդտեղ, որքա՞ն կարելի է այսպես ապրել»,- վրդովված ասաց 2-րդ թաղամասի բնակիչ Իրինա Առաքելյանը: Նրա բողոքին ի պատասխան՝ Արթուր Գեւորգյանն ասաց. «Ես հիմա կբարձրանամ այդ տարածք եւ անձամբ կտեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես խոսք եմ տալիս, որ այդ տարածքը կմաքրվի, միեւնույն ժամանակ ճիշտ կլինի, որ բնակիչները նույնպես բարեխիղճ լինեն եւ չաղտոտեն»: Համայնքի ղեկավարը կոչ է անում բնակիչներին աղբ թափող մեքենա տեսնելիս անմիջապես զանգահարել թաղապետարան եւ հայտնել այդ մեքենայի համարանիշը: Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ շուտով գործելու է թեժ գիծ, որի մասին բնակիչները նախօրոք կտեղեկացվեն: Չնայած աղբահանության եւ լուսավորության դեռեւս չլուծված խնդիրներին, Դավթաշենի համայնքապետարանը, ըստ բնակիչների, հաջողություն է ունեցել փողոցային առեւտրի վերացման գործում: Ուստի հուսով են, որ այս անգամ էլ բարձրացված խնդիրները լուծում կստանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter