HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրահավաք Ողջիի գյուղապետի դեմ

Շիրակի մարզի Ողջի գյուղի նորընտիր համայնքի ղեկավար Սարգիս Ավագյանին պաշտոնանկ անելու նպատակով մի խումբ գյուղացիներ, գյուղապետի նախկին թեկնածու Վարդան Պետրոսյանի գլխավորությամբ, սկսել են ստորագրահավաք նրա դեմ: Գյուղացիների ասելով՝ 17 տարի շարունակ գյուղապետի աթոռը զբաղեցրած այս անձը վերընտրվել է անօրինական ձևով. քվեարկությանը մասնակցել են գյուղում գրանցում չունեցող մարդիկ, որպես ընտրակաշառք Ավագյանը գյուղացիներին աթար է բաժանել, ավելին՝ գյուղապետը խլել է իրենց հողատարածքները, յուրացրել գյուղին հատկացված սուբսիդիան, թալանել ու վաճառել է գյուղի տեխնիկան, գյուղացիներին տեղեկանքներ տրամադրելիս նրանց ամենավերջին ձևով հայհոյել է: Վարդան Պետրոսյանի կնոջ` Ողջիի դպրոցի տնօրեն Գոհար Պետրոսյանի ներկայացնելով՝ գյուղապետը ՏԻՄ ընտրություններից առաջ իր ամուսնու դեմ «գործ է սարքել», որպեսզի «նրան խաղից հանի», չթույլատրի գյուղապետի պաշտոնի համար իր թեկնածությունը առաջադրել: Չնայած դրան՝ Վարդան Պետրոսյանն ընդամենը ութ ձայնով է Սարգիս Ավագյանին զիջել: Ի դեպ, տիկինն այս ամենի մասին մեզ դժգոհեց Սարգիս Ավագյանի ներկայությամբ` մերթընդմերթ նրա հետ վիճաբանության մեջ մտնելով: Գոհար Պետրոսյանի ասելով՝ դատախազությունն իր ամուսնու դեմ գործ է հարուցել առանց համապատասխան հիմքեր, վկաներ, ապացույցներ ունենալու, ավելին՝ խախտելով օրենքը՝ քննիչ Ռուբեն Վարձյանն իր անչափահաս որդուն հարկադրել է ցուցմունք տալ առանց ծնողների ներկայության: Պատճառը, ըստ տիկնոջ, եղել է այն, որ իբրև թե իր ամուսինը խփել է գյուղապետի դեմքին, երեխան էլ ներկա է եղել: «Եթե խփել էր ու դեմքդ վնասվել էր, նույն վայրկյանին ոստիկանություն կանչեիր, ոչ թե հինգ-վեց ժամ անց, ու անմեղ մարդու դեմ 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով գործ հարուցել տայիր, ի՞նչ է՝ կրակն ընկա՞վ, որ թեկնածություն է դրել, քննիչ Վարձյանը թող բարի լիներ պարզաբաներ, գուցե էդ հինգ-վեց ժամվա ընթացքում գյուղապետը մի ուրիշի հետ էր վիճել, և եթե դեմքին հարվածի հետքեր կային, միգուցե դա երրորդ անձի ձեռքի գո՞րծ էր: Գյուղում կռիվ էլ, գողություն էլ, ինչ ասես լինում է, սակայն ոչ մի շշուկ, ոչ մի ձայն, իսկ հիմա գյուղապետի ընկեր ոստիկանները կայծակնային արագությամբ արձագանքեցին»,- գյուղապետին հանդիմանում էր Գոհար Պետրոսյանը: Գյուղապետն էլ տեղից բացականչում էր. «Հերիք է սուտ խոսես, ես ոստիկաններին չեմ հրավիրել, նրանք ինքնակամ նույն մոմենտին պատահաբար իմ տուն են եկել»: Իսկ հողերը գյուղացիներից խլելու ու գյուղին հասանելիք սուբսիդիան յուրացնելու մեղադրանքներին ի պատասխան՝ գյուղապետը արդարացավ, որ նրանք հողի հարկի հսկա պարտք ունեն, իսկ սուբսիդիան մեկ առ մեկ բոլորին բաժանվել է` բացառությամբ մեկի, ով դարձյալ հսկա պարտքեր ուներ: Գյուղացիները նաև բողոքեցին, որ գյուղապետարանի շենքը «տարին տասներկու ամիս փակ է», իսկ գյուղապետը փաստացի բնակվում է Գյումրիում: Մենք պարզեցինք, որ, իրոք, գյուղապետարանի շենքը էլեկտրաէներգիա չուներ, սենյակներում սառնամանիք էր: Իսկ գյուղապետն արդարացավ, որ ընտրություններին մեծ ծախսերի տակ ընկնելու պատճառով չի կարողացել վճարը մուծել: Պետրոսյան -Ավագյան վիճաբանությունը երեկ հասավ նրան, որ երկու կողմերի համակիրները գյուղապետարանի շենքի մոտ սկսեցին փայտերով իրար ծեծել: Ի դեպ, գյուղի հարցը տեղափոխվել է նաև Ազգային ժողով, քանի որ գյուղապետը հանրապետական է, Վարդան Պետրոսյանին էլ սատարում է ՕԵԿ-ը, ուստի թունդ վիճաբանություններ են սկսվել ՕԵԿ-ի ու հանրապետականների միջև: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ ամբիոնից մի քանի օր առաջ դարձյալ գյուղապետին պաշտոնանկ անելու հարցն է բարձրացրել: Երեկ Սարգիս Ավագյանի համակիրները մեզ փոխանցեցին, որ իրենք էլ ստորագրահավաք են սկսել: Իսկ թե ինչու՞ են հաղթանակած թեկնածուի կողմնակիցները նման քայլ ձեռնարկում, նրանք մեկնաբանեցին. «Մենք Ավագյանին կողմ ենք» բովանդակությամբ տեքստը կառավարությանը ներկայացնելու ու այս ծեծկռտուքին վերջ դնելու նպատակով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter