HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մինասյան. «Տնտեսական ճգնաժամը ազդել է, ազդում է և շարունակելու է ազդել Հայաստանի վրա»

Ի՞նչ ազդեցություն ունի համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա, կարո՞ղ է այդ ազդեցությունը դառնալ ավելի տեսանելի, բավարա՞ր են, արդյոք, իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ խուսափելու հնարավոր բացասական հետևանքներից, ի՞նչ լրացուցիչ քայլեր պիտի անի պետությունը: Այս հարցերի պատասխանները Հետքը փորձեց ստանալ բնագավառի մասնագետներից: Տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ մենք տնտեսական ճգնաժամի արդյունքում արդեն կրել ենք լուրջ վնասներ: Նա հիշեցնում է, որ մեր հասարակության անաշխատ մասը իր եկամուները ստանում է դրսից տրանսֆերտների տեսքով, և տրանսֆերտների կրճատումն արդեն ազդել է համախառն պահանջարկի վրա, քանի որ դրանք հիմնականում օգտագործվում են սպառողական ապրանքերի վրա: Բացի այդ, քանի որ մեր երկիրը ոչ թե արտահանող երկիր է, այլ ներկրող, համաշխարհային շուկայում ձևավորվող տնտեսական գներն ուղղակիորեն ազդում են Հայաստանի վրա: «Բանկային համակարգում գերակշիռ մաս է կազմում արտասահմանյան կապիտալը, որը ևս կախվածություն է ստեղծում արտերկրից, չնայած մենք չունենք արժեթղթերի շուկա, բայց մեկուսացումը մեզ չի փրկում ֆինանսական ճգնաժամի հետևանքներից»,- ասում է Թաթուլ Մանասերյանը: Նա համոզված է, որ տնտեսական ճգնաժամը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, եթե մենք կարողանանք այն ճիշտ օգտագործել: Ըստ տնտեսագետի՝ քանի որ տնտեսական ճգնաժամը նշանակում է որոշակիորեն մեր մրցակիցների մրցունակության անկում, և այդ երկրներում, սկսած աշխատուժից՝ վերջացրած կապիտալով, ամեն ինչ էժանանում է, Հայաստանը կարող է, օգտվելով առիթից և ավելի էժան գներով, վերջին արդիական տեխնոլոգինաները ներմուծել Հայաստան: Բացի այդ, ըստ նրա, սպառման ապրանքների գների էժանացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում պետական ռեզերվների ստեղծման համար: Թ. Մանասերյանը կարծում է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև ներդրումների վրա. «Աշխարհում այժմ մեծ քանակությամբ էժան փող կա, քանի որ ճգնաժամի պայմաններում զարգացած երկրների բանկերը փորձում են տոկոսադրույքը իջեցնել, որպեսզի այն մատչելի լինի գործարար շրջանակներին»: Սրանք, նրա համոզմամբ, տնտեսական ճգնաժամի այն կողմերն են, որոնք կարող են մեզ թույլ տալ, որպես փոքր տնտեսություն ունեցող երկիր, օգուտներ քաղել: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտում տեղին ունեցող տեղաշարժերին, ապա Թ. Մանասերյանը կարծում է, որ այստեղ լուրջ շահարկումներ կան. «Հանքարդյունաբերական ձեռնարկությունները այսօր էլ ունեն շահույթներ և կարող են շահույթով աշխատել, բայց քանի որ նրանց նպատակը գերշահույթի օգտագործումն է, դրա համար նրանք գնում են կրճատումների ճանապարհով»: Թ.Մանասերյանի համար մեր երկիր այժմ շատ խոցելի է և ընդունելի չեն այն հայտարությունները, որ մենք չենք կրում տնտեսական ճգնաժամի լուրջ ազդեցությունը. «Կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, շոշափելի արդյունքներով ծրագիր առաջարկի, որով մարդիկ իսկապես ավելի հանգիստ ու պաշտպանված կզգան»: ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը ոչ միանշանակ է վերաբերում այն հայտարություններին, որ մենք չենք կրում ճգնաժամի լուրջ ազդցեությունը մեզ վրա. «Եթե դա արվում է խուճապ չառաջացնելու համար, ապա ես կողմ եմ, բայց դա չպետք է դառնա գլխավոր գաղափարախոսություն, ինչպե՞ս կարող է չազդել, ազդել է, ազդում է և կշարունակի ազդել, ուրիշ հարց է, թե ինչքանո՞վ ենք պատրաստ համապատասխան դեղատոմս առաջարկել»: Ըստ նրա՝ հիմա պայմաններ են ստեղծվել մեզ համար, որպեսզի բարձրացնենք մեր տնտեսության դիմադրողականությունը և դիվերսիֆիկացնենք տնտեսության կառուցվածքը. «Մենք պետք է դուրս գանք այն պատկերացումներից, որ շինարարությունը և ծառայությունների ոլորտը մեր տնտեսության հիմնական ուղղությունները պիտի լինեն, մենք բաց ենք թողնում արդյունաբերության հսկայական ոլորտ, գյուղատնտեսական հսկայական դաշտ»: Ըստ նրա՝ ճգնաժամը ստիպեց հասկանալ, որ անհրաժեշտ է այս ոլորտների ուղղությամբ հստակ քաղաքականություն վարել: Արծվիկ Մինասյանին դեռևս լիովին չեն բավարարում կառավարության կողմից ձեռնարկված քայլերը. «Կարևոր քայլեր են, բայց դեռևս ամբողջական չեն»,- ասաց նա: Պատգամավորը համոզված է, որ պետք է պետության պատասխանատվությունը մեծացնել բիզնեսի նկատմամբ: Հարկավոր է, որ պետական մակարդակով իրականացվի արտարժութային այնպիսի քաղաքականություն, որ խրախուսի արտահանումը, արտահանման շուկայում պետությունը նվաճի շուկաներ և տա մասնավորին. «Այս դեպքում որպես կողմ հանդես է գալիս պետությունը: Ինքը վերցնում է քվոտա շուկայում որոշակի ապրանքատեսակներ երաշխավորելու առումով, երաշխավորում է դրանց պատշաճ որակը և առաջարկում է մասնավորին ներգրավվել այդ ծրագրերի մեջ` հայկական բրենդի ինստիտուտը իրացնելով դրսում»: Մյուս կողմից, Ա. Մինասյանի համոզմամբ՝ իրականացնելով էժան դրամի քաղաքականություն`պետությունը հնարավորություն կտա արտադրողներին իրենց արտադրության ծավալներըը մեծացնել և շատ ապրանքատեսակների գծով ներմուծումները փոխարինել տեղական արտադրությամբ. «Սա պետք է հստակ պետական քաղաքականություն լինի: Առ այսօր խոսվում է դրա մասին, բայց դեռևս պրակտիկ քայլերը չկան, ես՝ որպես կոալիցիոն կառավարության ներկայացուցիչ, հույս ունեմ, որ այդ խոսքերը միս ու արյուն կստանան»: Արծվիկ Մինասյանի համար զարմանալի չէ, որ Հայաստանում գները չեն իջնում համաշխարհային գներին զուգահեռ. «Մենք շատ ենք խոսել մեր տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր աստիճանի մասին, հարկային, մաքսային անհամաչափ քաղաքականության մասին, մենք համարժեք արձագանքի խնդիրն ունենք»: Բացի այդ, պատգամավորը այստեղ տեսնում է սեփականատերերի մեղքը. «Նրանց թվում է, թե ինչ ուզեն, կանեն, բայց դա այդպես չէ, սեփականատերը պետքէ գիտակցի, որ իր ցանկացած քայլ հանրային բարիք պետք է ծնի, ոչ թե միայն իր շահը առաջ տանի, թե չէ՝ սա տանում է կոլապսի, քանի որ հասարակությունը չի կարող հանդուրժել մի բիզնես, որտեղ կա ատելություն, իսկ բացասական միջավայրում չի կարող բիզնեսը զարգանալ»: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, Ա. Մինասյանը կարծում է, որ հանքարդյունաբերության ոլորտում պետք է նախ իրականացնել տեխնոլոգիական բարեփոխումների ծրագիր. «Այն ժամանակ նրանք գերշահույթ էին ստանում՝ ի հաշիվ հանքերի շահագործման մեծ ծավալների, ներկայումս, երբ գների իջեցում է նկատվում, տեխնոլոգիական բարեփոխումներ իրականացնելով՝ նրանք կկարողանան երաշխավորել հանքարդյունահանման ծավալները»: Մյուս կողմից՝ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ անհրաժեշտ է հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ իրականացնել տեխնոլոգիական ամբողջ ցիկլը ավարտելով. «Այսինքն՝ ոչ թե հումք արտահանվի, այլ այնպիսի կիսաֆաբրիկատ, որին վերջնական արտադրանք ստանալու համար քիչ բան է մնում»: Ըստ նրա՝ այս մեխանիզմը երաշխավորում է նաև ոչ միայն առկա աշխատատեղերի պահպանումը, այլև դրանց ընդլայնումը, ինչպես նաև՝ սոցիալական բեռի տեղափոխումը պետությունից մասնավոր սեկտոր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter