Շախմատի տունը վերածվել էր հանդիսության տան
Այսօր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն:
Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին սկսվեց Հայաստան- Չինաստան վճռորոշ խաղը:
Լեւոն Արոյան-Վանգ Յու, Վլադիմիր Հակոբյան- Բու Քսյանժի, Գաբրիել Սարգսյան-Նի Հուա պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ Տիգրան Պետրոսյան-Լի Չաո խաղն ավարտվեց 1:0: Տիգրան Պետրոսյանի այս պարտիան Հայաստանի տղամարդկանց հավաքականին բերեց ցանկալի հաղթանակը:
Շախմատի տանը հազարավոր երկրպագուներ էին հավաքվել, հնարավոր չէր մոտենալ մուտքի դռանը, լրագրողները կենդանի հեռարձակմամբ հետեւում էին Հայաստանի հավաքականի խաղին եւ իրենց տեսախցիկներով խանգարում շախմատասերներին, ինչը բազմիցս դժգոհությունների առիթ դարձավ:
Խաղը շախմատասերների համար մեկնաբանում էր գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Նա պարբերաբար տեղեկացնում էր նաեւ մեր մրցակիցների` Ուկրաինայի, Իսրայելի խաղատախտակներին տիրող իրավիճակին:
Լեւոն Արոնյանի ոչ-ոքին արձանագրվեց, երբ ԱՄՆ-Ուկրաինա խաղի հաշիվը դարձավ 1:0, ինչը կրկնակի ուրախություն պարգեւեց հավաքվածներին:
Սմբատ Լպուտյանին անհանգստացնում էր միայն Գաբրիել Սարգսյանի պարտիան, որը, սակայն, վերջին րոպեներին կարող էր նույնիսկ հաղթական ելք ունենալ:
Վլադիմիր Հակոբյանի ոչ-ոքին ակնկալելի էր խաղի ընթացքից:
Երկու ոչ-ոքի պարտիաներից հետո Տիգրան Պետրոսյանի հաղթանակը Շախմատի տունը վերածեց հայկական հանդիսության տան: Շախմատասեր Հայկը միանգամից պարզեց եռագույնը եւ ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց` վանկարկելով «Հայաստան, Հայաստան, Հայաստան...»:
«Էնքան ուրախ եմ` չափ ու սահման չկա, Տիգրանը էդ չինացուն լավ հուպ տվեց»,- ասաց շախմատասեր Խաչատուր Ամիրյանը:
Սմբատ Լպուտյանը այս օրը համարում է նորանկախ Հայաստանի ամենավառ էջերից մեկը. «Երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն` նշանակում է, որ մեր շախմատը առաջինն է աշխարհում, մենք պետք է փորձենք ամենուր լինել հաղթողներ եւ ուրախացնել մեկս մյուսին»:
Ռուբեն պապիկն էլ փորձում էր նման մի ուրախալի օր հիշել իր կյանքում. «Այսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն է. 72 տարեկան եմ, այսպիսի երջանիկ պահ չեմ ապրել, երեկվանից հուզվում եմ, գիշերը հուզվել ենք, առավոտը հուզվել ենք, հիմա ուրախանում ենք, մեր ազգը աշխարհի փոքր ազգերից մեկն է, բայց ամենախելացի ազգն է, այս հաղթանակը խոսում է մեր միասնության մասին»:
Որոշների համար էլ հաղթանակը սպասված էր. «Ես սկզբից եմ ասել, որ հաղթելու ենք, ես որ եկել եմ... իմ բիոտոկերը ուժեղ են, այդպես պիտի լիներ»,- անկեղծացավ Սասուն Գեւորգյանը:
Իրեն Ամենայն հայոց շախմատային բանաստեղծ հռչակած Վանյա Ջուլհակյանն էլ նախօրոք էր բանաստեղծություն գրել.
«Ամեն դեպքում չինացիները հզոր են, բայց հայոց թիմ ունենք` աշխարհը չունի:
Ոսկե Թուրինի հերոսներ` եռագույն դրոշով հաղթական,
Կարմիր գինին հայկական ըմպեցեք` հաղթարշավը տոնեցեք»:
Մարզասերներից ոմանց այս հաղթանակը ավելի է ոգեւորել, քան նախորդը. «Ես անցած անգամ էսքան չեմ ուրախացել, ինչքան հիմա, այս հաղթանակը ավելի կարեւոր էր, քան առաջինը, որովհետեւ հաղթանակը պահելն ավելի դժվար է»,- ասաց Հովհաննես Բուղդուրյանը:
Այս հաղթանակը, ըստ շախմատի երկրպագու Վահե Առաքելյանի, ամբողջ աշխարհին ապացուցեց, որ մենք անցած տարի չեմպիոն էինք դարձել ոչ պատահական. «Կնիքը դրվեց, թող իմանան»,- ավելացնում է նա:
Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն էլ հավաքվածներին կոչ արեց. «Պետք է ամբողջ ժողովրդով դիմավորենք մեր թիմին»:
Սոչիից Հայաստան ժամանած Լեւոն Սողոմոնյանը խոստացավ. «Գնալու եմ դիմավորելու, պարտադիր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել