HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվաքանակն աճում է

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչ օրս մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք` ՀՀ քաղաքացիների շրջանում: Ընդ որում` 2007թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ այս տարի` 118 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: Դեկտեմբերի 1-ին աշխարհը «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը, կատարեք խոստումը» կարգախոսով, նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` մարդկության ուշադրությունը հրավիրելով այս խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում: Աշխարհում ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981 թ: Անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակն արդեն իսկ խլել է ավելի քան 25 մլն մարդկային կյանք: Հայաստանում ՄԻԱՎ վարակով հիվանդներից 284-ի մոտ (կին` 59, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 2007 թ. ընթացքում 59, իսկ այս տարի 74 հիվանդի մոտ: Համաճարակի սկզբից գրանցվել է հիվանդների մահվան 154 դեպք: Մահացածների թվում կան 24 կին և 3 երեխա: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 301 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 45,9%-ը: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 10,1%: ՄԻԱՎ-ով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 489 մարդ (74,5%): Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 167 (25,5%), իսկ երեխաների մոտ` 13 դեպք (2%): ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Մեր երկրում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): Մեր երկրում արձանագրվել են նաեւ մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,7%): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ: Հիվանդությունն ունի երկարատև` 7-15 տարի շարունակվող թաքնված շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, հետևաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter