
ՍՊԸ-ի տնօրենն ապացուցեց հարկային տեսուչների մեղավորությունը
Քիչ առաջ «Գ. Համբարձումյան և որդիներ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Համբարձումյանը փոստով ստացել է Պետեկամուտների կոմիտեի բողոքարկման հանձնաժողովի հուլիսի 28-ի 3 էջանոց որոշումը, որով չեղյալ է համարվել Արաբկիր ՀՏ-ի տեսուչների հունիսի 22-ի ստուգման ակտը:
Հիշեցնենք, որ Արաբկիրի հարկային տեսուչները, արդեն տևական ժամանակ է, հսկողության տակ են պահում ՍՊԸ-ին պատկանող նախկին «Կիև գաստրոնոմ» հանրախանութի առաջին հարկում գործող սննդամթերքի խանութի աշխատանքը և պարբերաբար ՀԴՄ կտրոն չտրամադրելու «գործ են սարքում»:
Հենց այդ պատճառաբանությամբ տեսուչները հուլիսի 7-ին խանութը 5 օրով փակելու որոշում էին կայացրել և այն կապարակնքել էին: «Հետքի» հրապարակումից հետո տեսուչները դարձյալ ապօրինաբար եկել էին խանութ, իրենց իսկ ձեռքով, առանց գրավոր ակտ կազմելու, պոկել էին խանութի դռան կապարակնիքը և հարևան վաճառականների միջոցով հաղորդել, թե կարելի է խանութն աշխատեցնել:
ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Համբարձումյանը դժվարացավ բացատրել, թե ինչպես ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողովը տեսուչների դեմ որոշում կայացրեց: Ըստ նրա՝ դա նաև «Հետքի» հրապարակած հոդվածների արդյունքն է:
«Բացատրել չեմ կարող, որովհետև անկեղծորեն, ես էլ մեծ հույսեր չունեի, բայց որ տեսուչները մեծ խախտումներով էին մոտեցել այս հարցին, փաստ է: Հիմա կարող եմ ասել, որ եթե պայքարում ենք մեր իրավունքների համար և ապացուցում ենք, որ իրականում տնտեսվարողները մեղավոր չեն, և հարկային տեսուչն իր սենյակում նստած է ակտ գրում, երևի այդ ժամանակ կարողանում ենք հասնել արդյունքի»,- ասում է Գագիկ Համբարձումյանը:
Նա չբացառեց, որ վերջին ժամանակներում ՊԵԿ-ի նկատմամբ ճշնումներ եղած լինեն, քանի որ հարկային տեսուչների աշխատանքից միայն ինքը չէ, որ բողոքում է: «Բոլորն են բողոքում: Տնտեսվարողներն առաջվա նման սուսուփուս, «մի ամլիկ» գառի նման չեն ստորագրում նրանց արձանագրությունները, այլ սկսում են պայքարել: Խորհուրդ եմ տալիս բոլոր տնտեսվարողներին պայքարել իրենց իրավունքների համար, քանի որ ուրիշ տարբերակ չկա»,- ավելացրեց Գ. Համբարձումյանը:
Հայտնի չէ, թե ով է փոխհատուցելու այն վնասները, որոնք տնտեսվարողը կրել է հարկային տեսուչների կողմից խանութն ապօրինաբար 2 օրով փակելու հետևանքով: Հարկային մարմինները սովորաբար չեն ներում փոքր ու միջին բիզնեսի թեկուզ չնչին թերությունները, սակայն տեսուչների ապօրինությունների հետևանքով այդ բիզնեսին հասցվող վնասների հատուցման հարցում կառավարությունը գրեթե միշտ աչք է փակում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել