Ամենաօրինակելի մարդը
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 51-րդ տարեդարձն է: Ի հիշատակ նրա տարեդարձի` Եռաբլուր էին այցելել նրա ընկերները, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի անդամները, նրա անվան դպրոցի ու վարժարանի սաները, ինչպես նաև «Առաջադեմ երիտասարդներ» երիտասարդական նախաձեռնության անդամները:
Մոնթեի մարտական ընկերները շիրիմի մոտ հիշեցին ու խոսեցին հերոսի մասին:
«Այսպիսի առիթներով հաճախ են ասում, որ նա չի մահացել, կարող է այդ խոսքը շատ արհեստական թվալ, բայց իրեն մոտիկից ճանաչողների համար իսկապես այդպես է, նա միշտ մեզ հետ է ու միշտ պայքարում է, մեր պարտականությունն է ոչ միայն հերոսներին որպես անհատ ներկայացնել, այլ այդ հերոսների խորհուրդը ներկայացնել: Մենք պիտի հիշենք մարդկային որակ ներկայացնող այն հերոսներին, ովքեր մեզ ճանապարհ են ցույց տալիս»,- ասաց «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի նախագահ Ալեք Ենիգոմշյանը, ով Մոնթեին ճանաչել է մոտ 30 տարի:
Խոսելով Ղարաբաղյան պատերազմում Մոնթեի մեծ ներդրումների մասին` Ա. Ենիգոմշյանը հիշեցրեց, որ 1992թ ամռանը, երբ Արցախում ճգնաժամային վիճակ էր տիրում, Մոնթե Մելքոնյանը մեկն էր այն մարդկանցից, ով հավատում էր հաղթանակին. «Երբ ուրիշները մտածում էին` ինչպես եղածը պահել, քանի որ Արցախի կեսը մենք կորցրել էինք փաստացիորեն, ու կենացմահու կռիվ էր մղվում, ինքն այդ դժվար պահերին այսօրվա սահմաններն էր պատկերացնում, նա վերցրեց ու քարտեզի վրա գծեց այն սահմանները, որ մեկ տարի անց դարձան իրականություն»:
Մոնթեի մարտական ընկեր Վահե Շախմուրադյանը կարծում է, որ Մոնթեին պետք է բազմակողմանի ներկայացնել: Նա զգայուն ու գաղափարակիր մարդ էր, հեղափոխական դրվածք ուներ և առաջին հերթին քաղաքական ակտիվիստ էր, հետո` ռազմական գործիչ: Նա շատ բարձր էր գնահատում զինվորի արժեքը ու միշտ նրանց կողքին էր, չնայած Վ. Շախմուրդյանը դա այնքան էլ ճիշտ չի համարում: «Իմ կարծիքով` ղեկավարը իրեն չի պատկանում, եթե ժողովրդային ղեկավար է, Մոնթեն ինքն էլ իրեն պետք է պահեր, մենք էլ ենք մեղավոր, որ նա այսօր չկա, այսօր իր դատարկությունը մենք զգում ենք, քանի որ նրա ոչնչանալը մի տեսակ հանցագործություն է»:
Վահե Շախմուրդյանը կարևորում է նաև այն, որ նա միշտ փորձում էր ամեն ինչ անել ազնիվ ճանապարհով. «Նա միշտ ասում էր, որ ազնիվ նպատակները անազնիվ միջոցները չեն արդարացնում»:
Մոնթե Մելքոնյանի անվան 11-րդ դպրոցի սան Անահիտը հիշում է նրա հետևյալ խոսքերը. «Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու, ես երդում տված եմ ու ես կպատկանեմ միայն մեկ մարդու, այդ մարդը իր հայրենիքի ազատ զինվորն է: Նա ինձ համար ամենաօրինակելի մարդն է, քանի որ նա գտնում էր, որ պետք է ամեն ինչ անել հայրենիքի համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել