Սոս-Ամարաս ճանապարհահատվածն արդեն ասֆալտապատված է
Սոս-Ամարաս ճանապարհահատվածի կառուցումը համարյա թե ավարտված է` մնում է միայն Ամարասի եկեղեցու մոտակայքի բարեկարգման աշխատանքը: Այս մասին «Հետք»-ին ասել է ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ճանապարհահատվածի կառուցման ֆինանսական բոլոր ծախսերն իր վրա է վերցրել սփյուռքահայ բարերար Վահե Կարապետյանը, ով նաեւ հոգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածի պահպանման ծախսերը:
Շարունակվում է նաեւ շրջանի Կարմիր Շուկա-Սոս-Ճարտար-Խնուշինակ-Գիշի-Մարտունի ճանապարհահատվածի կառուցումը: Վալերի Խաչատրյանի հավաստմամբ՝ վերոնշյալ ճանապարհահատվածի շահագործումից հետո, որը ծրագրով կլինի 2009-ին, նախատեսվում է նաեւ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհահատվածի կառուցումը: Այս հատվածի երկարությունը մոտ 41 կմ է, ինչը, ըստ վարչակազմի ղեկավարի, թույլ կտա ավելի շուտ հասնել շրջկենտրոնից մայրաքաղաք:
Մարտունի-Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատվածի կառուցման մասին հարցին ի պատասխան՝ Վալերի Խաչատրյանը նշեց, որ այդ հատվածի կառուցման հարցը դեռ չի քննարկվել, չնայած այն ժամանակ առ ժամանակ բարեկարգվում է:
Վատթար վիճակում են գտնվում նաեւ Մարտունի քաղաքի փողոցները, ինչպես նաեւ շրջանի Մյուրիշեն, Վազգենաշեն, Հացե, Աշան գյուղերի ճանապարհները: Վարչակազմի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ Մարտունի-Ճարտար մեկ այլ` մոտ 10 կմ-անոց ճանապահահատվածի բարեկարգման համար բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ կարողունակ մարտունեցիների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել