HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը ստանձնել է օրենքի իշխանության եւ մամուլի ազատության` այդ թվում նաեւ լրագրողների պատշաճ պաշտպանության ապահովման պարտավորություններ»

Ստորեւ ներկայացնում ենք Եվրոպացի լրագրողների ընկերակցության նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նոյեմբերի 17-ին Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքի կապակցությամբ: Մեծարգո նախագահ Սարգսյան, Մենք գրում ենք` արտահայտելու մեր զարմանքը եւ խորը մտահոգությունը նախորդ երկուշաբթի` նոյեմբերի 17-ին, մեր գործընկեր եւ Եվրոպացի լրագրողների ընկերակցության անդամ, «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հանդեպ դեռեւս անհայտ անձանց կողմից կատարված դաժան հարձակման կապակցությամբ, որի արդյունքում նա ստացել է գլխի լուրջ վնասվածքներ` հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ:Ինչպես Դուք տեղյակ եք, պրն Նախագահ, սա ամենավերջինն է այն սարսափելի եւ չպատճառաբանված ֆիզիկական հարձակումների շարքից, որ տեղի են ունեցել ձեր երկրում այս տարվա սկզբից: Խիստ մտահոգիչ է իմանալ, որ շատ նման հարձակումներ են տեղի ունեցել մամուլի մասնագետների հանդեպ` անհայտ անձի կամ անձանց կողմից՝ ազատ եւ անկախ մամուլի աշխատանքը խոչընդոտելու կամ կանգնեցնելու ակնհայտորեն ծրագրված նկատառումով: Մտահոգիչ է իմանալ նաեւ, որ Հայաստանի ոստիկանությունը եւ դատական իշխանությունները մինչ օրս չեն կարողացել սահմանված կարգով բացահայտել պատասխանատուներին եւ հանձնել նրանց արդարադատությանը: Եվրոպացի լրագրողների ընկերակցությունը, որի անդամ են ավելի քան 20 եվրոպական պետությունների` այդ թվում նաեւ Հայաստանի, հազարավոր լրագրողներ, Լինցում` Ավստրիայում, նոյեմբերի 22-ին կայացած լիագումար նիստում ընդունել է որոշում` մեր բոլոր անդամների կողմից դատապարտելով այս եւ նման այլ հանցագործությունները: Մենք գիտենք, որ Հայաստանը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր, ստանձնել է օրենքի իշխանության եւ մամուլի ազատության` այդ թվում նաեւ նման ակնհայտորեն կազմակերպված եւ դաժան հարձակումներից լրագրողների պատշաճ պաշտպանության ապահովման պարտավորություններ: Իշխանությունների կողմից ցանկացած հետագա ձախողում` միջոցներ ձեռնարկելու այս հարձակումները դադարեցնելու եւ դրանք իրագործողներին կամ պատվիրատուներին պատժելու նպատակով, կարող է ընկալվել որպես խախտում այն պաշտոնական պարտավորությունների, որոնք ստանձնվել են Եվրոպայի Խորհրդի եւ այլ միջազգային մարմինների առջեւ, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օրենքներով: Եվրոպացի լրագրողների ընկերակցությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պաշտպանում են մամուլի ազատության հիմնարար սկզբունքը, այժմ խիստ մտահոգությամբ եւ աչալրջությամբ են լցված: Մենք խնդրում ենք Ձեզ հստակորեն արտահայտել ձեր նվիրվածությունը ստանձնած պարտավորություններին` վճռական քայլեր ձեռնարկելով ձեր պետության լրագրողների անձնական անվտանգությունն ապահովելու համար: Անկեղծորեն Ձերը` Ուիլիամ Հորսլի, ԵԼԸ Մամուլի ազատության ներկայացուցիչ, Լոնդոն եւ Դիեգո Կարսեդո, ԵԼԸ նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter