HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա Գյումրիում

Այսօր մոտ երեք հազար տաքսու վարորդներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը ` կառավարությունից պահանջելով «հետ վերցնել» այն որոշումը, որի համաձայն` իրենք ևս մտնելու են հարկային դաշտ: «Հետքի» հետ զրույցում վերջիններս դժգոհեցին. «Գյումրին Երևան չէ, սա աղետի գոտի է, որտեղ հարկային մեղմ քաղաքականություն է անհրաժեշտ: Այստեղ համարյա ոչ օդակայան կա, ոչ վակզալ, ոչ էլ թամամ փողոց: Ընդամենը երկու բուդկա կա, բուդկճին էլ ոտքով է տուն գնում, ով է տաքսի նստողը, ստեղ քաղաք չէ, ծերանոց է, ժամը չորսից հետո մոմով մարդ պիտի ման գաս, իսկ Երևանում կռուգլի տարին ամառ է, սաղ տռասներն էլ սարքած են, արևն էլ կզարկե, փողը կծլի: Այս որոշմամբ հատկապես գյումրեցիներիս են պարտքախեղդ անում, էնպիսի գներից են խոսում, որ անկախ քո կամքից` զզված թողնես Հայաստանից գնաս: Դե հաշվեք` իննսուն հազար դրամ հաշվիչ տեղադրելն է, 25 հազար դրամ` լիզենցիա հանելը, յոթ հազար ամեն ամիս կենսաթոշակայինի ֆոնդին պիտի մուծես, ութ հազար հարկայինին, ծախսերը հասնում են հիսուն հազարի»: Սակայն նրանց ամենից շատ զայրացրել էին որոշման այն կետի դեմ, ըստ որի` մեքենան ամենաշատը տասը տարեկան պիտի լինի»: Քաղաքավարի հասկացնում են, որ այս գործին հրաժեշտ տվեք, էդքան փող որ ունենաք նոր մեքենա գնելու, էլ ինչի տաքսու վարորդ կաշխատենք, էդ որ փտած սամալյոտներով մարդկանց աշխարհի ծերն են հասցնում ու գցում-մեռցնում են, հեչ չեն հիշում, որ արժե նոր տրանսպորտով երթևեկել, իսկ հիմա տաքսի սերվիզ ունեցող մի քանի օլիգարխի բիզնեսը ծաղկեցնելու համար երեք հազար ընտանիքի սովի են մատնում»,- զայրանում էին վարորդները: Եվ քանի որ վաղ առավոտյան ՀՀ տրանսպորտային տեսչության պետ Ա. Հարությունյանը դեղին պետհամարանիշ չունենալու համար մի քանի վարորդի արդեն տուգանել էր, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը խոստացավ նրանց առաջարկությունները կառավարությանը ներկայացնել ու մինչև հունվարի մեկը ոստիկանների «հալածանքներից» ազատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter