Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողներից մեկի ինքնությունը պարզված է
Նոյմբերի 17-ի երեկոյան «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում կազմվել է կատարված հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում այդ անձին, մյուս հանցակիցներին, ինչպես նաեւ ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
«Է. Բաղդասարյանը ճանաչվել է որպես տուժող: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային տրավմայի՝ գլխուղեղի ցնցման, գլխի ձախ կողմնա-ծոծորակային շրջանների սալջարդ վերքերի, կրծքային 2-րդ ողի, աջ ուսահոդի շրջանների քերծվածքների, աջից թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ:
Ծոծրակային շրջանի սալջարդ վերքի եւ կրծքային 2-րդ ողի շրջանի քերծվածքի առաջացումը բացառված չէ լրացուցիչ ուժի ազդեցության պայմաններում, վայր ընկնելու հետեւանքով: Փորձագետի տեղեկացմամբ՝ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հնարավոր է որոշել միայն դեպքից 21 օր հետո՝ 08.12.08թ-ին»,-նշված է հաղորդագրությունում:
Աղբյուրի փոխանցմամբ` նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ՝ դեպքի վայրի հարակից տարածքներում գտնվող շենքերի բնակիչները, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցները: Դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել