HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ և հույն հոգևորականների բախումը ականատեսների աչքերով

Այսօր լրագրողական տարբեր ակումբներում նոյեմբերի 9-ին Իսրայելում հայ և հույն հոգևորականների բախման մասին մանրամասներ էին պատմում ականատեսները: ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը այդ օրերին գտնվել է Երուսաղեմում և մասնակցել է “Գյուտխաչի” տոնի արարողությանը: Արտակ Գրիգորյանը նույնիսկ անձամբ բռնցքամարտի է բռնվել դեպքի վայրում` պաշտպանելով հայ հոգևորականներին: «Գյուտխաչի» տոնի արարողությունը 4-րդ դարից սկսած հայկական եկեղեցին է կատարել: Ծիսակատարության ընթացքում հույն հոգևորականները փորձել են միջամտել և խանգարել: Ուզեցել են անպայման ներկա գտնվել և մասնակցել միջոցառմանը: «Կոպիտ ասած` դա նշանակում էր մի պետությունը միջամտում է մեկ այլ պետության ներքին գործերին: Դա եկեղեցական կանոններով այդպես է նշանակում: Այսպես ասած` դա պետք է կատարվեն իրենց դաբրոյով, իրենց թույլտվությամբ: Բայց դա մեր եկեղեցական տոնն է»,- ասաց «Հայացք» ակումբի հյուր Արտակ Գրիգորյանը` շարունակելով, որ մշտապես ինչ-որ պահանջներ են եղել հույն հոգևորականների կողմից, ու ամեն մի զիջումից հետո հույն հոգևորականները պահանջել են նոր զիջում: Բնականաբար հայ եկեղեցականները փորձել են հակազդել դրան, հույները փորձել են խանգարել հայ հոգևորականների մուտքը դեպի դամբարան, սպիպված թափորը դանդաղ երկրորդ պտույտն է կատարել դամբարանի շուրջ: Երկրորդ պտույտից հետո, երբ բոլորը անցել են, տարածքը գրավել են հույն վանականները: Ականատեսի հավաստմամբ` կռիվը հենց հույն վանականներն են հրահրել: “Փորձեցին փակել տարածքը, որտեղ որ կանգանծ էր մեր եպիսկոպոսը: Այստեղ միջամտեցին ոստիկանները, որոնք էլ հետ մղեցին հույների գրոհը: Բնականաբար կրքերը բորբոքվեցին, մեր տղաներն էլ տաքացան, սկսվեց առաջին թեթևակի բախումը»,-պատմում է Արտակ Գրիգորյանը: Դրանից հետո փորձել են բանակցել հույն հոգևորականների հետ արդեն ոստիկանների մասնակցությամբ: Կարծես թե լեզու գտնելու հնարավորություններ եղել են, բայց այդտեղ երկրորդ հրահրումն է տեղի ունեցել: Բախումը տևել է մոտ 30 րոպե: «Ես ինքս տեսել եմ ամեն ինչ և հարց եմ տվել ինձ, թե արդյոք հնարավոր էր բախումնից խուսափել: Իհարկե հնարավոր էր, եթե զիջումների գնայինք Բայց ինչքան պետք է զիջումների գնալ: Այդ խնդիրները եղել են դարեր շարունակ, պարզապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ այնքան զարգացվածության պատճառով հնչեղություն չի ունեցել»,-համոզված է ՀՀԿ խորհրդի անդամը: Արտակ Գրիգորյանը նշեց, որ պրոցեսը շարունակական բնույթ ունի: Առաջին անգամ հայ և հույն հոգևորականների բախումը եղել է դեռևս 2002թ.-ին Զատիկի տոնի արարոության ժամանակ: Հույն պատրիարքը թույլ չի տվել հայ հոգևորականներին ներս մտնել` կրակը դուրս բերելու: «Հայելի» ակումբի հյուր Տեր Մխիթար Ալոյանն էլ է հաստատում նախորդ բանախոսի խոսքերը և նշում, որ հայ հոգեւորականները լարված վիճակում են աշխատում այնտեղ. «Ես հայտարարում եմ, որ հայերը երբեք կռիվ չեն սկսում,կռիվը սկսվում է հույներից»: Կռիվ, ըստ հոգեւորականի, սկսվում է ամեն իրավիճակից. «Զատկական լույսի օրը սկզբից Քրիստոսի գերեզման է մտնում հույն պատրիարքը, երկրորդը` մեր վարդապետը: Տեղ չկա, որ առաջին մտածը դուրս գա, երկրորդը պետք է դուրս գա, որ առաջինն էլ ելքի հնարավորություն ունենա, սակայն հույն պատրիարքը կռիվ է սարքում առաջինը դուրս գալու համար»: Տեր Մխիթարը պատմում է, որ ուսանողական դասը կանգնած էր հոգեւորականների հետ եւ շարականներ էր երգում, այդ ժամանակ բանակցություններ էին վարվում, որպեսզի եպիսկոպոսը մտներ գերեզման, սակայն հույները չթույլատրեցին եւ սկսվեց քաշքշուկը. «Մեզ համար շատ զարմանալի էր հեռուստաընկերությունների ներկայությունը, նույնիսկ` Թուրքիայից: Նրանք նկարում էին այն պահերը, երբ մեր ուսանողը հարվածում է հույնին»: Տեր Մխիթարը ասում է, որ այդ նույն հոգեւորականը հարվածել էր մեր ուսանողին եւ տապալել գետնին, սակայն ոչ մի հեռուստաընկերություն այդ փաստը չարձանագրեց: «Ոստիկանների ոտքի տակ ընկած էր հայր Ղեւոնդը եւ հայր Սամվելը, ուսանողներից մեկը ցատկեց, որպեսզի վարդապետին ազատի, այդպես էլ եղավ, ոստիկանները վարդապետերին թողեցին եւ բռնեցին ուսանողին ու ձեռնաշղթաներ հագցրեցին»,-պատմում է Տեր Մխիթարը: Նա նաեւ փաստեց, որ հայ ուսանողին ծեծի են ենթարկել կալանատանը: Ձերբակալված հույն հոգեւորականին ազատ արձակելու համար միջամտել էին հայ հոգեւորականները, որպես բարի կամքի դրսեւորում: Ուխտագնացությանը Հայաստանից մասնակցում էին 48 ուխտավորներ: Նրանցից մեկն էլ Տիգրան Հովհաննիսյանն էր, ով խոսել է հույն հոգեւորականի հետ. «Զրույցը պատահական էր` նույն օրվա երեկոյան: Մենք ասեցինք, որ հայ ենք, նա կարմրեց, հետո ներողություն խնդրեց մեզանից եւ ասաց. «Աստված թող օրհնի Ձեզ, թող Ձեր հավատը սրանից չպակասի»»: Արտակ Գրիգորյանը համոզված է, որ նմանատիպ բախում սպասվում է նաև դեկտեմբերի 28-ին Բեթխեհեմում նախատեղվելիք “Մաքրության տոնի” ժամանակ: Բանախոսի կարծիքով, այս հարցերով պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն պետական մակարդակով, ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրան. «Արդեն պետությունը պետք է իրեն ցույց տա»: Տեր Մխիթարն էլ առաջարկում է Հայաստանի ԱԳՆ-ին բանակցություններ վարել Իսրայելի ԱԳՆ-ի հետ` շտկելու բոլոր անախորժությունները. «Ոստիկանության վրա պետք է ազդել, որովհետեւ նրանք կողմնապահ են»: Տեր Մխիթարը ասում է, որ դրսում հայերը շատ սրբություններ, տարածքներ ունեն, որոնք պաշտպանում են ուսանողները` մասնակցելով տարբեր ընդհարումների: Ըստ հոգեւորականի` նրանց շնորհիվ է, որ տարածքները դեռ հայկական են. «Սիոն լեռան ամենաբարձր գագաթին կանգնած է հայոց պատրիարքարանը, վարժարանը, Հայոց թաղը, եւ հրեաները այդտեղով են անցնում, իսկ երբ հայ հոգեւորական է լինում կանգնած թքում են նրա դեմքին, եթե հոգեւորական չի լինում` թքում են պատին»: Տեր Մխիթարը արձագանքեց նաեւ հայկական կողմի մեղադրանքներին, թե հայ հոգեւորականները չպիտի կռվին ընթացք տային. «Ինչու չեն դատապարտվում այն հոգեւորականները, ովքեր արցախյան պատերազմին զենք էին վերցրել, ինչու չեք ասում Ղեւոնդ երեցին` թույլ տուր պարսիկները գան ատրուշաններ կառուցեն, ինչու չեն ասում` աբեղա ինչ գործ ունես, որ մասնակցում ես Երեւանյան բերդի գրավմանը: Շատ հետաքրքիր է, որ հայ մարդը մեղադրում է հային»: Հոգեւորականը գտնում է, որ հայը մատաղացու գառ չէ, եւ պետք է պաշտպանել հայկական հողերն ու սրբությունները: Երուսաղեմում հայ համայնքը հաստատվել է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո: Այժմ հայ համայնքը Իսրայելում կազմում է մոտ 4000-5000 մարդ: Միայն Երուսաղեմի հայկական եկեղեցու վանական տարածքներում ապրում են 3000 հայեր: Երուսաղեմը 4 հիմնական թաղամասերից է կազմված` քրիստոնեական, մուսուլմանական, հրեական և հայկական: Արտակ Գրիգորյանը ցավով է նշում, որ հայկական համայքնը այնտեղ ուժեղ է, սակայն գնալով կապերը թուլանում են: Հայապահպանության խնդիրն իրականացնում է եկեղեցին: Հունական եկեղեցին զգում է իր թիկունքում ողջ ուղղափառ աշխարհի ուժը: Դրան զուգահեռ հետզհետե թուլանում են հայկական եկեղեցու օղակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter