Հայկ Դեմոյան. «Թուրքիան կարող է կորցնել պահի կարեւորությունը»
«Թուրքական մամուլը այսօր գրում է, թե Հայաստանը ստիպված է գնացել բանակցություններ վարելու քայլին, սակայն դա թյուր կարծիք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա` Հայաստանը ի սկզբանե հստակեցրել է, որ այդ քայլերին ստիպված չի գնում եւ, որ պատրաստ է բանակցություններ վարել առանց նախապայմանների: Իսկ թուրքական կողմի քայլերը վկայում են կամ ժամանակ շահելու, կամ էլ իմիտացիոն գործողություն իրականացնելու մասին: «Ֆուտբոլոյին խաղից հետո անցել է մի քանի ամիս: Դրա տրամաբանական շարունակությունը պետք է լիներ կոնկրետ գործուղության իրականացում»,-ասաց Հայկ Դեմոյանը: Ըստ բանախոսի` Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը ցույց կտա, եթե կատարի հետեւյալ քայլերը` այս տարվա ավարտին բացի Կարս-Գյումրի երկաթուղին, բանակցություններ վարի, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ ստեղծվի պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ, Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունը որեւէ կերպ չպետք է կապի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, եւ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Հայաստանի նկատմամբ տեղեկատվական պայքար վարելուց:
Հայկ Դեմոյանը կարծում է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի քարոզչական առավելություն: «Օրինակ` հիմա Թուքիան Անիի վերականգման ծրագիր է առաջադրել, որով նա լուծում է մի քանի խնդիրներ` քարոզչական առավելություն, բիզնես` տուրիզմի տեսակետից եւ իհարկե ինֆորմացիոն գրոհ ընդդեմ Հայաստանի»: Բանն այն է, որ Անիի քարանձավային մի մասը գտնվում է Հայաստանի տարածքի հրաբխային գոտում: Համաձայն որոշ աղբյուրների` հայերը պայթեցումների միջոցով տուֆ են հանում, ինչը, ըստ Հայկ Դեմոյանի, դա իրականությանը այդքան էլ չի համապատասխանում: Սակայն բանախոսը չի բացառում, որ հայերի անփութության պատճառով Անիի` Հայաստանի տարածքում գտնվող այդ հատվածը շատ տգեղ տեսարան է ստեղծում, ինչում էլ Թուրքիան մեզ մեղադրում է: «Մենք պետք է չեզոքացնենք այդ ինֆորմացիան: Ընդհանրապես թուրքական կողմը ինֆորմացիոն առումով անընդհատ գրոհում է մեզ, եւ մենք չենք կարողանում ճիշտ հակահարված տալ: Հայկական կողմը պետք է նախաձեռնող լինի»,-ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Թուրքական կողմը Անիի հուշարձանը ներկայացնում է որպես Անատոլիական մշակույթի կոթող: 2011 թվականին լրանում է Անիի` որպես Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակը: «Մեր իշխանությունները ամեն կերպ պետք է նշեն այդ պատմական իրադարձությունը»,-ասաց Հակ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատում է, որ վերջին շրջանում ամեն օր թանգարան են այցելում թուրքական խմբեր կամ անհատներ: «Նրանցից մեկը ինձ յարցրեց, թե երբ ենք բացելու մեր արխվները, ինչին ես պատասխանեցի` մեր արխիվները, այո’, փակ են շաբաթ եւ կիրակի օրերը: Նրանք իմ հումորը հասկացան»,-ասաց Հայկ Դեմոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել