Բակո Սահակյանը ԱՄՆ-ում քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական խնդիրները
ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 22-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ֆալոունի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային վերջին զարգացումների, Արցախ-ԱՄՆ կապերի, ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը, իսկ վերջինս պատրաստակամություն է հայտնել շարունակել իր գործունեությունը եւ նպաստել ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանը:
ԼՂՀ նախագահը հանդիպել է նաեւ ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ Հովսեփ Ավագյանի եւ Կարո Քեցեմանյանի հետ: Քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները, Արցախ-Սփյուռք կապերի հետագա զարգացումը:
Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը հայրենիքի կյանքին:
ԼՂՀ նախագահը այցելել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող հայ ազգային կենտրոն, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացրել նրանց Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին, պատասխանել է ներկաների հարցերին:
Նոյեմբերի 23-ին Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լոս Անջելես, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 23-ին ԼՂՀ նախագահն առանձնազրույց է ունեցել ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել