Եթե դիմեն, պատրաստ է օգնել
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի տպավորությամբ` այսօրվա դրությամբ ամենադրական քայլը մարտի 1-2-ի իրադարձությունները հետաքննելու համար փաստահավաք խմբի ձևավորումն է: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Թ. Համմարբերգը համոզված է, որ խմբի աշխատանքը հեշտ չի լինելու, «առավել ևս` այսպիսի բևեռացված միջավայրում»: Սակայն նա մեծ նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ փորձագետների խմբում ներկայացված են տարբեր քաղաքական ուժերի անդամներ, որոնք «անկախ են և իսկական մասնագետներ»: Հանձնակատարի համոզմամբ` այս գործոնները մեծ հավանականություն են ստեղծում, որ խմբի աշխատանքը կպսակվի հաջողությամբ, «եթե վայելի հասարակության վստահությունը»: Ըստ նրա` սա բավականին փխրուն նախագիծ է, «բայց և կարևոր արդյունք ունեցող, դրա համար էլ պետք պատշաճ օժանդակություն ապահովել»:
«Հետքի» այն հարցին, թե ինչպե՞ս է ապահովվելու փաստահավաք խմբի արդյունավետ և անաչառ աշխատանքը, եթե նրանց առաջարկում են աշխատել ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, այլ ԱԺ-ում, Թ. Համմմարբերգը պատասխանեց. «Ես ունեմ շատ պարզ լուծում, որ այսօր ավելի ուշ առաջարկելու եմ նրանց: Եթե որոշ մարդկանց համար ցանկալի չէ մուտք գործել այդ տարածքը, այսինքն` իր ինքնությունը հայտնել, ապա հնարավոր են նաև ուրիշ լուծումներ, քանի որ փաստահավաք խմբի աշխատանքի հաջողությունը պայմանավորված է խմբի ներսում բարի կամք դրսևորելու անհրաժեշտությամբ: Եթե նրանք կարողանան այդ անել, ապա հարցերը շատ հեշտորեն կլուծվեն, քանի որ, ի վերջո, խոսքը հրթիռային տեխնիկայի մասին չէ, այլ պարզ հարցեր են, որոնք հնարավոր է շատ պարզ մեթոդոլոգիա ընդունելով լուծել խմբի ներսում»:
Նա նույն կերպ արձագանքեց նաև փաստահավաք խմբի սահմանդրականության վերաբերող մտահոգություներին` նշելով, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել, եթե լինի պատշաճ նվիրում ու հաստատակամություն, և եթե խմբի ներսում տիրի համագործակցության միջավայր:
Ինչ վերաբերում է փաստահավաք խմբում արտասահմանցի փորձագետներ ներգրավելուն, Համմարբերգն ասում է, թե ինքը Հայաստանի իշխանություններին հստակ հասկացրել է, որ եթե իրեն այդ հարցով դիմեն, պատրաստ է օգնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել