Նոր եռամյա ծրագիր Հայաստանի համար
Արժույթի միաջազգային հիմնադրամի փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալը այսօր ամփոփեց իր կատարած այցը Հայաստան: Նրա այցի հիմնական նպատակը հայկական դրամի 15-ամյակին մասնակցելն էր: Փոխտնօրենը նշեց, որ այցը արդյունավետ է եղել. «Բավականին տպավորիչ է Հայաստանի տնտեսության բարձր կատարողականը: Հայաստանը կարողացել է արձանագրել տնտեսական աճ, ցածր գնաճի մակարդակ»:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, ըստ Մ. Պորտուգալի, սահմանափակ է լինելու. «Բանկերը շարունակում են շահութաբեր լինել, բավականին լավ կապիտալի մակարդակ ունեն, չաշխատող վարկերի ցուցանիշն էլ ցածր է, կապիտալի ներհոսքերը շարունակվում է»: Սակայն, ըստ Մուրիլո Պորտուգալի` կարեւոր է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել համաշխարհային ճգնաժամից խուսափելու համար. «Պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնեն, որպեսզի նվազեցնեն տրանսպորտային ծախսերը, հարկային բարեփոխումներ կատարել»:
Լրագրողների խնդրանքով փոխտնօրենը անդրադարձավ նաեւ տնտեսության խոցելի կողմերին. «Հայաստանի տնտեսությունը մեծապես կախվածություն ունի Ռուսաստանից, ուստի եթե Ռուսաստանի տնտեսությունը բացասական զարգացումներ ապրի, Հայաստանը եւս կտուժի»:
ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը նոյեմբերի 17-ին նոր եռամյա ծրագիր է հաստատել Հայաստանի համար, որի նպատակն է ազդարարել շարունակվող աջակցությունը Հայաստանի տնտեսության բարեփոխումներին: Գումարը համեմատաբար փոքր է` 14 մլն ԱՄՆ դոլար, սակայն սա ունի իր բացատրությունը. «Հայաստանը ավելինի կարիք չունի, իսկ եթե կարիքը լինի, ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել»:
Հիմնադրամի փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալը կարեւորում է հարկային բարեփոխումները Հայաստանում, քանի որ դրանք թույլ կտան պահպանել արձանագրված բարելավումները: Հարկային համակարգը բարելավելու համար ԱՄՀ-ն Հայաստան կուղարկի մասնագետ, ով կքննարկի բոլոր հարցերը կառավարության հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել