HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների անվտանգությունը` դիպուկահարի ձեռքերում

Մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում եղել է նաեւ 1 դիպուկահար: Քննչական մարմինը ճշտել է նրա ինքնությունը եւ դեռ հունիսին հարցաքննել: Պարզվել է, որ դիպուկահարին հատկացված է եղել «ՍՎԴ» տեսակի հրացան: Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` դիպուկահարը խնդիր է ունեցել զինված հարձակումներից ապահովել զինծառայողների անվտանգությունը: « ...Նկատի ունենալով, որ որոշ ուժեր եւ նրանց ծառայող լրատվամիջոցներ անհարկի շահարկում են անկարգությունների ժամանակ մարտական նռնակների օգտագործման փաստը՝ հայտարարում ենք, որ անկարգությունների մասնակիցների կողմից մարտական նռնակներ, պայթուցիկ նյութեր ոստիկանների նկատմամբ 2008 թ. մարտի 1-ին կիրառվել են, որի հետեւանքով մահացել է նաեւ ոստիկանության կապիտան Համլետ Թադեւոսյանը: Իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե, իբր, Հ.Թադեւոսյանի դիակից հանված մետաղական բեկորները փորձաքննության չեն ենթարկվել: Փորձաքննության ենթարկվել են ոչ միայն նրա, այլ նաեւ մյուս անձանց դիակներից հայտնաբերված գնդակները... Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մարտական նռնակներ չեն եղել»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: Միաժամանակ նշվում է, որ զինծառայողների ուղղությամբ արձակվել են նաեւ կրակոցներ ավտոմատից եւ ատրճանակից: Ըստ դատախազության` հենց ատրճանակով զինված հանցագործին վնասազերծելու և զինվորների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով էլ դիպուկահարը կրակել է նրա ոտքին: Սակայն վնասվածք ստացած անձը հասցրել է թաքնվել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները դեռեւս արդյունք չեն տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter