
Ծառուկյանը գլխավորում է օլիգարխ պատգամավորների «TOP ցուցակը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր ֆինանսական եկամուտներով եւ ունեցած ձեռնարկություններով գլխավորում է ԱԺ օլիգարխ պատգամավորների ցանկը:
2008 թ. Ծառուկյանն ունեցել է 7 մլրդ 705 մլն 645 հազ. դրամ եւ 933 հազար 668 ԱՄՆ դոլար եկամուտ: Նա ձեռք է բերել եւ միեւնույն ժամանակ օտարել է մեկ շենք եւ շինություն: Գնել է «Նիսան Պատրոլ», վաճառել` «Դայմլեր-Կրայսլեր» ավտոմեքենա: Գործարար պատգամավորի 2009 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրից երեւում է, որ այդ տարի գնել է «Ռոլս-Ռոյս կուպե ֆոնտոմ» ավտոմեքենա եւ վաճառել «Մերսեդես Բենց S500»-ը: Գնված ավտոմեքենաները պատգամավորն օգտագործել է անձնական կարիքների համար:
Ճգնաժամային տարում Ծառուկյանը կարողացել է զգալիորեն բարելավել իր ֆինանսական կարողությունները: Նա 2009 թ. հայտարարագրել է 9 մլրդ 670 մլն 820 հազ. դրամ, 126 մլն եվրո եւ 439 հազ. ԱՄՆ դոլար:
Իհարկե, քչերը կհավատան, որ Ծառուկյանը մեկ առ մեկ նշել է իր եկամուտներն ու ոչինչ չի թաքցրել` հաշվի առնելով, որ հայտարարագրերի օրինականության հարցով ոչ ոք չի զբաղվում: Թեեւ հարկային մարմիններն են ընդունում գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, այնուամենայնիվ, Կառավարությունը «խնայել» է ՊԵԿ-ի աշխատակիցների ներուժը եւ նրանց չի օժտել օրինականության ստուգման լիազորությամբ:
Հավանաբար, որոշում կայացնելիս Կառավարությունը մտածել է, որ փոքր ու միջին բիզնեսում հարկային մարմինների ստուգումներն ավելի «եկամտաբեր» կլինեն պետբյուջեի համար, քան ասենք` Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Տիգրան Արզաքանցյանի, Լեւոն Սարգսյանի ու այլոց հայտարարագրերը ստուգելը:
Հիմա Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները մեզ կմեղադրեն «չուզողության» մեջ եւ կասեն, որ պատվեր ենք կատարում` ի՞նչ է, նախանձու՞մ եք, մարդն աշխատում է: Իհարկե, ոչ ոք չի նախանձում, սակայն Գագիկ Ծառուկյանին ժողովուրդը քվե է տվել ոչ թե անձնական բիզնեսը զարգացնելու եւ գործարար շրջանակն ընդլայնելու, այլ Ազգային ժողովում օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու համար:
Գ. Ծառուկյանը ամիսներ շարունակ ԱԺ չի գնում, թեեւ որպես պատգամավոր պարտավոր է մասնակցել թե հանձնաժողովի նիստերին, թե քննարկումներին ու քվեարկություններին: Իհարկե, այլ գործարար պատգամավորների համեմատ Գագիկ Ծառուկյանն ավելի ազնիվ է գտնվել եւ բացակայությունները հարգելի ճանաչելու համար ԱԺ աշխատակազմին հիվանդության թղթեր չի ներկայացրել:
Նա բավարարվել է միայն գրություններով, որոնք ենթադրում են մեկնում գործուղումների եւ այլն: Սակայն հարց է` Ծառուկյանը գործուղման մեկնել է որպես պատգամավո՞ր, գործարա՞ր, թե՞ կուսակցության նախագահ: Արդարության համար նշենք, որ Ծառուկյանը երբեք ԱԺ հաշվին գործուղման չի մեկնել:
ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորն իրավունք չունի գործարարությամբ զբաղվել: Հարցին` Գ. Ծառուկյանի գործունեությունն արդյոք Սահմանադրության խախտում չէ՞, եւ ինչպե՞ս է նա վերաբերվում գործարարների` քաղաքականությամբ զբաղվելուն, նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Պարոն Ծառուկյանը բազմիցս է նշել, որ գործարարները պետության հենասյուներից են, ովքեր ստեղծում են կայուն աշխատատեղեր, բարիքներ, առավել պատասխանատու են երկրի կայունության, զարգացման եւ բարգավաճման համար: Այդ տեսանկյունից գործարարների` որպես ՀՀ քաղաքացիների` քաղաքականությամբ զբաղվելը նրանց քաղաքական իրավունքների անքակտելի մասն է»:
Ինչ վերաբերում է պատգամավորի բիզնեսին, ապա Խաչիկ Գալստյանի խոսքերով` Ծառուկյանը բիզնեսից քաղաքականություն է եկել 2003 թ., եւ այդ պահից ի վեր` նրա ամբողջ բիզնեսը կառուցվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի շրջանակներում:
Ծառուկյանի եկամուտները գոյանում են հենց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ մտնող եւ բաժնեմասերի տեսքով իրեն պատկանող շուրջ 35 ընկերությունների գործունեությունից: «Որպես ԱԺ պատգամավոր` պրն Ծառուկյանի գործունեությունն իրականանում է ՀՀ Սահմանադրության նորմերին համապատասխան»,- ասում է մամուլի խոսնակը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը նախագահում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որն այժմ ներառում է Աբովյանի չափիչ սարքերի գործարանները, Երեւանի քիմիադեղագործական ֆիրման, «Մուլտի Գազ» գազալցակայանների ցանցը, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Տեխնոալյումին» ձեռնարկությունը, «Նյու» ընկերությունը, «Ալրաղաց» հացահատիկային կուլտուրաների մշակման ձեռնարկությունը, «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանցը, «Մուլտի Գրուպ Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը, «Մագաս Ինվեստ» մեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը, «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը, «Գլոբալ մոթորս» մեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը, «Մուլտի Գրուպ Ջոսոնս» որսորդական խանութը եւ այլ ընկերություններ ու կազմակերպություններ:
Ծառուկյանը չի բավարարվում եղածով եւ փորձում է ոչ միայն ներսում ընդլայնել բիզնեսը, այլ տարածվել երկրի սահմաններից դուրս:
Մասնավորապես, 2009 թ. նա կնոջ` Ջավահիր Ծառուկյանի հետ մոտ 25 մլն եվրոյով գնել է բուլղարական հանքային ջրերի «Gorna Banya» ընկերությունը: Այն Սոֆիայի մերձակայքում ունի հանքային ջրերի 3 աղբյուրներ:
Իսկ ամիսներ առաջ ֆրանսիական Castel խմբից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը:
Սա հանրությանը հայտնի ձեռնարկությունների ցանկն է, իսկ մնացածը հայտնի է միայն Ծառուկյանին:
Մեկնաբանություններ (23)
Մեկնաբանել