HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու չէ ո´չ Հայաստանին, ո´չ Թուրքիային»

Գտնում է թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը: Նա նկատում է, որ մինչև 1993 թ.` Շուշիի ազատագրումը, սահմանը փաստորեն բաց էր, քանի որ հումքի արտահոսք կար դեպի Թուրքիա, իսկ Շուշիի գրավումից հետո Ադրբեջանի ճնշումների հետևանքով սահմանը փակվեց:

Սահմանի բացումը, ըստ թուրքագետի , երկու կողմերին էլ ձեռնտու չէ, քանի որ Հայաստանի հետ սահմանը կիսում են ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի տարածքի բնիկ ժողովուրդը` քրդերը: Սակայն մեր արտաքին քաղաքականությունն այդ հարցում այլ տեսակետ ունի:

ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասում է. «Հայաստանը կշահի տնտեսապես, քանի որ կա գործող երկաթգիծ, Հայաստանը հանդես է գալիս որպես տարանցիկ երկիր, կզարգանան սահմանային շրջանները»: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ սահմանի բացում տնտեսական կախվածության պատճառ դառնա Հայաստանի համար, Տ. Բալայանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև Հայաստանի տնտեսությունը բավականին ադապտացվել է իրավիճակին»:

Չնայած սահմանի փոկ լինելուն`հայերը և թուրքերը, այնուամենայնիվ, շփվում են: Հազարավոր ՀՀ քաղաքացիներ այսօր աշխատում են Թուրքիայում: Սակայն առկա խնդիրները բազմաթիվ են:

«Մենք, քանի որ չունենք դիվանագիտական հարաբերություններ, չենք կարողանում պաշտպանել մեր քաղաքացիների շահերը»,-փաստում է Տիգրան Բալայանը: Ըստ թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանի` «Թուրքիան սահմանը չի բացում, որովհետև բազմաթիվ խնդիրներ ունի տեղի քրդերի հետ, բայց որպես պատրվակ օգտագործվում է ցեղասպանության հարցը եւ Ղարաբաղյան խնդիրը»:

Տ. Բալայանն էլ ավելացնում է. «Այս պահին Թուրքիայի պայմաններից մեկն է Ղարաբաղի հարցի լուծումը: Սակայն Թուրքիան իրավունք չունի մաիկողմանի դիրքորոշում որդեգրել: Ճիշտ կլիներ, որ նա ավելի դրական դեր խաղար այս հարցում»: Երկկողմ հարաբերություններում, բացի ցեղասպանության խնդրից, արդիական է նաև Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Անցյալ տարի Աղթամար եկեղեցու վերականգնումը, որը բազմաթիվ մշակութային հուշարձաններից մի նմուշն է միայն, ըստ Ա. Սաֆարյանի, ձևական բնույթ ունեցավ. «Ցուցադրություն էր ի տես աշխարհի, քանի որ մյուս բոլոր հուշարձանները, օրինակ` Կարսի եկեղեցիները, անուշադրության են մատնված»:

Ելնելով այս ամենից` արժե՞ բացել սահմանը: Ա. Սաֆարյանը գտնում է, որ պետք է նկատի ունենալ, թե ինչ տեղի կունենա հետո. հնարավոր են նոր խնդիրների առաջացում, որը Հայաստանին բնավ ձեռնտու չէ: Այդ խնդիրները, ըստ մասնագետի, կարող են առաջանալ, եթե սահմանի բացվելուց հետո, հայը հնարավորություն ունենա ազատ Թուրքիա գնալ և օրինակ Վանա լճի ափին անշարժ գույք ձեռք բերել: Իսկ Թուրքիան, ցանկություն ունենալով ԵՄ-ի անդամ դառնալ, չի կարող այդ հնարավորությունից զրկել հայերին: Թուրքագետի կարծիքով` հայ և թուրք հասարակություններն այսօր դեռ պատրաստ չեն դրան, քանի որ հակասություններն արժեքային տարբեր համակարգերում են:

Քաղաքագետ Հենզել Մանուչարյանն էլ գտնում է, որ սահմանի բացման համար Հայաստանը պետք է առաջ քաշի ցեղասպանության ճանաչման նախապայմանը. «Այսօրվա մեր որդեգրած քաղաքականությունը պահանջատիրական հարցեր առաջ չի քաշում, իսկ դա վտանգավոր է ոչ թե այն առումով, որ սահմանի բացումից հետո հնարավոր է հայերը մոռանան ցեղասպանության փաստը, ինչը բացառվում է, այլ հնարավոր է, որ Թուրքիան այլևս երբեք այդ փաստը չճանաչի»:

Տ. Բալայնն էլ գտնում է, թե քանի որ հայերը այդ փաստը միշտ էլ հիշելու են, ուստի Թուրքիան ցեղասպանության խնդիրը չի կարողանալու անտեսել. «Հայաստանը ցեղասպանության հարցը չի դնում որպես նախապայման, որովհետև գտնում ենք, որ պահանջատիրական հարցեր քննարկելու համար պետք է ունենանք դիվանագիտական հարաբերություններ: Մենք պատրաստ ենք զրուցել ցեղասպանության շուրջ, բայց միայն որոշակի հարաբերություններ հաստատելուց հետո»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter