«Հիմնական փաստեր Ղարաբաղյան հակամարտության մասին»
Այսպես է կոչվում գիրքը, որի նպատակն է հասարակական լայն շրջանակների մոտ բարձրացնել իրազեկման մակարդակը Ղարաբաղյան հակամարտության մասին:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Երիտասարդական հիմնադրամի շենքում: Գրքում զետեղված են փաստագրական տվյալներ եւ գնահատականներ հակամարտության նախապատմության, իրավական ասպեկտների եւ ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ (1.200.000 դրամ) Երիտասարդ առաջնորդների դպրոցի հինգ ուսանողներ երկու տարի աշխատեցին գրքի վրա, որտեղ հղումներ են կատարվել միայն օտարազգի աղբյուրներին: Գրքից բացի հեղինակները պատրաստել են նաեւ «10 հարց ու պատասխան» հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով առանձին բուկլետներ, նաեւ գրքի DVD տարբերակը:
Գրքի համահեղինակ Սարհատ Պետրոսյանը ասում է, որ միջազգային շփումների ժամանակ բախվում են տարբեր խնդրների. «Հարցեր են տալիս, եւ մեր երիտասարդները չեն կարողանում միասնական պատասխան տալ, սա պատրաստի նյութ է` փաստերով, որը կօգնի պատրաստ ներկայանալ միջազգային շփումների ժամանակ»:
Պատրաստվում է գրքի անգլերեն տարբերակը, իսկ ֆրանսերեն եւ թուրքերեն տարբերակներն արդեն պատրաստ են: Գրքի հայկական տարբերակը կտարածվի բուհերում եւ դպրոցներում: Գրքի համահեղինակներից Գոհար Իսկանդարյանը գտնում է, որ պետք է կազմակերպվեն սեմինարներ եւ քննարկումներ խնդրի շուրջ. «Մենք խնդիր ունենք գիրքը ներկայացնել ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ մարզերում, որպեսզի մարզի երիտասարդները իրազեկված լինեն»:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը գտնում է, որ նախաձեռնությունը համահունչ է այն քաղաքականությանը, որ նախարարությունը փորձում է ապահովել երիտասարդության համար. «Հինգ տարի է, ինչ մեզ դիմում են տարբեր մարդիկ` խնդրելով տրամադրել իրենց ամփոփ տեղեկատվություն Ղարաբաղյան խնդրի հետ կապված: Ուստի գրքույկը տեղին է, նաեւ Մայենդորֆյան հռչակագրից հետո կարեւոր է տեղեկատվական պատերազմում հաղթանակներ տանելը»:
Գիրքը աջակցություն էր ստացել ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպչական առումով, Արցախի իշխանությունների, նաեւ բարոնուհի Քերոլայն Կոկսի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել