Վարչապետը շնորհավորել է դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ
«Հայկական բանկային համակարգը կարճ պատմական, սակայն բովանդակությամբ հարուստ ուղի է անցել: Նորանկախ մեր երկրում բանկերի ձեւավորումն ու ՀՀ արժույթի թողարկումը նոր Հայաստան կերտելու ազգային կամքի մի մասնիկը հանդիսացան: Ժամանակի դժվարին հանգամանքների առկայության պայմաններում ֆինանսաբանկային համակարգի զարգացումն ուղեկցվեց բազմաթիվ փորձություններով»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով` հայկական բանկերի եւ դրամի նկատմամբ հասարակության թերահավատությունն ամենամեծ մարտահրավերներից մեկն էր. ««Ազգային արժույթ», «ավանդ», «վարկ», «բանկային փոխանցում» հասկացությունները խորթ էին նախկին խորհրդային պետության քաղաքացիների համար եւ մարդիկ մեծ դժվարությամբ էին ընտելանում դրանց: Նպատակաուղղված ջանքերի եւ կանոնակարգված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները եւ բարձրացնել վստահության մակարդակը ՀՀ բանկերի եւ դրամի նկատմամբ»:
«Այսօր հպարտությամբ ենք ասում, որ մենք ունենք կայուն ու վստահելի ազգային արժույթ եւ բանկային համակարգ: Դրա վառ ապացույցն են հանդիսանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու մեր ֆինանսաբանկային համակարգի արդեն իսկ ցուցաբերած ունակությունը եւ զարգացած երկրներին բնորոշ բանկային մշակույթի ձեւավորումն ու սրընթաց զարգացումը մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել