
Կցամաքի՞ Աջարիայի հայ համայնքի «Աղբյուրը»
Երկարատև դադարից հետո լույս է տեսել Աջարիայի հայ համայնքի «Աղբյուր» պարբերականը:
«Աղբյուրը» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին: Հրատարակվել է Աջարիայի հայերի «Վերածնունդ» բարեգործական ասոցիացիայի կողմից:
Թերթը, երբեմն կարճատև և երկարատև դադարներով, բայց կարողացել է լույս տեսնել մինչև 2008 թվականը: «Աղբյուրի» խմբագրականն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ այդ տարիներին թերթը ֆինանսավորվում էր Աջարիայի հայ համայնքի կողմից: Պարբերականը դադարել է լույս ընծայվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 2010 թվականին խմբագրակազմը կրկին փորձ է արել վերականգնել թերթի հրատարակումը, սակայն կարողացել է թողարկել միայն մեկ համար:
Արցախում անցյալ տարի անցկացված լրագրողների համաժողովում բարձրացվել է Սփյուռքի հայկական պարբերականների ֆինանսավորման խնդիրը, և այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջացկություն է ցուցաբերել Վրաստանում հրատարակվող մի քանի լրատվամիջոցների, այդ թվում` «Աղբյուրին»:
Թե որքան գումար է հատկացվել «Աղբյուրին», խմբագիր Արթուր Հովհաննիսյանը չի մանրամասնում: Միայն նշում է, որ հատկացված միջոցները բավականացնելու են թերթի մեկ տարվա տպագրության համար: Ըստ այդմ` երկամսյա պարբերականությամբ «Աղբյուրը» լույս կտեսնի մինչև 2012 հուլիսը` հրատարակելով 6 համար:
Պարբերականը եռալեզու է` հայերեն, վրացերեն և ռուսերեն: Սակայն բովանդակության առյուծի բաժինը` շուրջ 80 տոկոսը ռուսալեզու է, որովհետև Բաթումի հայությունը հիմնականում ռուսախոս է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի դարաշրջանում թերթի հրատարակությունը խմբագիրը կարևոր է համարում, քանզի թերթն արդեն որոշ պատմություն ունի և ժամանակին մեծ դեր է խաղացել մարդկանց գաղափարախոսության, մտածելակերպի, կրթական ոլորտների վրա:
«Թերթը դարձել է մի մասնիկ մեր Բաթումի հայության համար: Այո, կայքէջ, արդի տեխնոլոգիաներ և այլն. դրանք իսկապես շատ լավ են, բայց թերթը մնում է թերթ, որովհետև տպագիր խոսքը, վիզուալ տեսքը, հայերեն խոսքը, մտքի հայերեն փոխանցումը իր արդիականությունը դեռ չի կորցրել»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը: Նա նաև ավելացնում է, որ եթե զգան, որ իսկապես այլևս թերթի պահանջարկ չկա, կմտածեն արդեն ձևաչափը փոխելու մասին: Իսկ թերթի այս տարվա առաջին` հունիս-հուլիս համարի հրատարակումից և այն տարածելուց հետո խմբագիրը համայնքում մեծ ոգևորություն և աշխուժություն է նկատել:
Աջարիայի հայ համայնքը սակավաթիվ է: 1989 թվականի մարդահամարի տվյալներով` Աջարիայում 20 հազար հայ է բնակվել: Այժմ մնացել է շուրջ 10 հազար, որից 8 հազարը Բաթումում է բնակվում, մնացածը` Աջարիայի այլ շրջաններում: Անգամ սակավաթիվ լինելով` հայ համայնքն Աջարիայում ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է:
«Աղբյուրն» անվճար է տարածվում` 500 օրինակ տպաքանակով: Խմբագիրը հավաստիացնում է, որ իրենք իսկապես փորձում են հագեցնել հայ համայնքի տեղեկատվական քաղցը` հաշվի առնելով, որ մոտ 350 օրինակ Աջարիայում են տարածում, մնացածը ուղարկում են Վրաստանի հայաբնակ այլ շրջաններ: Իսկ հայ համայնքին վերաբերող ցանկացած նորություն կամ իրադարձություն, բացի թերթից, տեղական ԶԼՄ-ների միջոցով են փորձում տարածել:
Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ «Աղբյուրը» շեշտը դնում է հայապահպանման վրա. «Ես միշտ ասել եմ, Վրաստանում հայ մնալը դժվար է, բայց պատվավոր դեր է, և մենք պիտի ամեն ջանք չխնայենք, որպեսզի հաստատենք մեր հայ լինելու դարավոր իրավունքը` ապրելու Վրաստանում, պահպանելու մեր մշակույթը, մեր լեզուն, մեր հավատքը»: Նա շեշտում է, որ իրենք ամբողջ ներուժով փորձում են աջակցել պետությանը, սակայն, ցավոք, հաճախ փոխադարձ հարգանք ու ուշադրություն չեն ստանում պետության կողմից:
Աջարիայի միակ հայկական պարբերականին սպառնացող հիմնական մարտահրավերը, ըստ խմբագրի, այն է, որ հայ համայնքի «Աղբյուրը» չցամաքի: Արթուր Հովհաննիսյանը շեշտում է, որ «աղբյուրը» նաև փոխաբերական իմաստով է օգտագործում. «Եթե «Աղբյուրը» ցամաքի, միգուցե մենք մեկընդմիշտ կորցնենք ինչ-որ ունեցել ենք վերջին մեկ դարվա ընթացքում` բնակվելով Վրաստանի այս գեղատեսիլ վայրում»:
Թերթի խմբագիրը հույս ունի, որ «Աղբյուրը» չի ցամաքի, և իրենք կկարողանան հաղթահարել այս դժվարին ժամանակաշրջանը: «Շատերը չեն խոսում հայերեն, բայց հոգով և սրտով հայ են, մտածում են հայավարի: Ասում են` արյունը ջուր չի դառնում, և մեր արյունը միշտ կծառայի մեր «Աղբյուրին», որ մեր «Աղբյուրը» գնալով գետ դառնա, ծով դառնա»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել