Դատախազությունը շնորհակալ կլինի
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ դատախազության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի, նորաստեղծ փաստահավաք խմբի համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է դատախազության կայքէջը:
Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ դատախազությունը պատրաստակամ է տրամադրել իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ ծավալի տեղեկատվությունը նորաստեղծ փաստահաված խմբին, ինչպես տրամադրվում էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ փաստահավաք խմբին իրոք կհաջողվի ձեռք բերել փաստեր, որոնք օգտակար կլինեն նաեւ նախաքննությանը մի շարք հարցերի, հանգամանքների պարզաբանման հարցում:
«Տարբեր անձերի, ուժերի կողմից հայտարարվում է, թե ունեն մի շարք տվյալներ տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ, որոնք, սակայն, նախաքննական մարմնին չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե չեն վստահում: Ստեղծվել է փորձագետներից կազմված անկախ փաստահավաք մի խումբ, որին չվստահելու հիմքեր, կարծում եմ, չկան եւ հույս ունեմ, որ այդ նյութերը, եթե այդպիսիք կան, կտրամադրվեն խմբին»,- ասել է Աղվան Հովսեփյանը եւ նշել, որ դատախազությունը շնորհակալ կլինի, եթե փաստահավաք խմբին հաջողվի ձեռք բերել նոր փաստեր, քանզի դա միմիայն կնպաստի քննության բազմակողմանիության եւ լրիվության ապահովմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել