HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրբ Նորաշենը» հին քաղաքականության ագրեսիվ շարունակության զոհն է

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու շուրջ կատարված դեպքերի շուրջ այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին ԵՊՀ հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Հայկազուն Ալվրցյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հայկազուն Ալվրցյանը մտահոգությամբ նշեց, որ այս խնդրին միայն վերջին տարիներին են ուշադրություն դարձնում և արձագանքում, մինչդեռ եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների դեմ վրացիների ոտնձգությունները սկսվել են ավելի վաղ շրջանից` 19-րդ դարից և շարունակվել են խորհրդային տարիներին: «Սա հին քաղաքականության ավելի ագրեսիվ շարունակությունն է: Ցավոք սրտի, այս հարցերը հայ-վրացական հարաբերություններում պետական մակարդակի չբարձրացվեցին և չհստակեցվին: Ես վստահ եմ, որ այսպես շարունակելու դեպքում մենք կորցնելու ենք ամեն ինչ, որովհետև առ այսօր մեր առաջնորդարանը Վրաստանում պաշտոնական կարգավիճակ չունի»,-նշեց Հայկազուն Ալվրցյանը: Բանախոսի կարծիքով, այս ամենը արդյունք է այն իրողությանը, որ թե’ պետական, թե’ Մայր Աթոռի մակարդակով մշակված քաղաքականություն չկա: Անընդհատ հասարակությունը արձագանքում է, բայց սրանք միջպետական, միջեկեղեցական կայուն հարաբերությունների սահմանված խաղի կանոնների կարիք ունեն: Հայագետը կարծում է, որ և’ Վիրահայոց, և’ Ջավախքի թեմի նկատմամբ Մայր Աթոռի վերաբերմունքը խիստ տարօրինակ է: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ Ջավախքի տարածաշրջան հայոց կաթողիկոս վերջին անգամ այցելել է Խրիմյան Հայրիկը 1905թ: «Սա վերաբերմունքի հարց է: Ուշացումով մեր կառավարությունը արձագանքել է, այս արձագանքները, ձեզ վստահեցնում եմ, ոչինչ չեն տալիս»,-դժգոհում է Հայկազուն Ալվրցյանը` նշելով, որ առ այսօր դեռ չեն ճշտված եկեղեցիների պատկանելությունը հայոց կամ վրաց թեմերին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց, որ եկեղեցիների խնդիրը սրվել է վերջին տարիներին, հատկապես 1994թ.-ից: 19-րդ դարին Թբիլիսիում եղել են 29 հայկական եկեղեցիներ, այսօր մնացել են 2-ը: Վրաստանում վիճահարույց են 6 եկեղեցիներ, որոնց թվում է նաև «Սուրբ Նորաշենը»: Տեր Վահրամն ասաց, որ Էջմիածինը բնավ էլ անտարբեր չէ կատարվող դեպքերի նկատմամբ ինչպես դա պնդում է բանախոսը կամ գրում են մամուլում: Խնդիրն այն է, որ Վրաստանում միայն վրաց ուղղափառ եկեղեցին ունի սահմանադրական համաձայնություն պետության հետ, մյուս բոլոր ազգերի բոլոր եկեղեցիները որևէ կարգավիճակ չունեն այնտեղ: Տեր Վահրամը նաև նշեց, որ Մայր Աթոռը տարբեր նամակներ է ուղարկել միաջազգային համապատասխան կառույցներին, սակայն դեռևս արդյունք չկա: «Հետքի» այն հարցին, թե «Սուրբ Նորաշենի» այս դեպքի առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Տեր Վահրամը պատասխանեց. «Քաղաքապետարանից մեզ հավաստիացրել են, որ քահանայի կողմից արված գործղությունները անօրինական են, բայց որևէ քայլ չի գործադրվում` այդ ապօրինությունները կասեցնելու: Նույն օրը վիրահայոց թեմից մեզ ահազանգել էին, համապատասխան գրություն է առաքվել գերագույն խորհրդի կողմից Իլիա 2-րդ պատրիարքին: Դեռ պատասխան չենք ստացել»: Հայկազուն Ալվրցյանը ցավով նշեց, որ այս հարցերը ոչ թե հնարավոր չէ լուծել, այլ պարզապես փորձ չի արվում ու ցանկություն էլ չկա դրանք լուծելու համար: «Ժողովուրդների կեղծ բարեկամության, պասիվ կեցվացքով ընդհանրապես ազգային շահ չնկատելու, վչացիների հետ հարաբերություններ չփչացնելու «բարեկամության», «դիվանագիտության» հետևանքով մենք կորցնում ենք մեր ազգային շահը»,-ասում է ԵՊՀ հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատողը: Մեղադրելով Մայր Աթոռին պասիվության մեջ՝ բանախոսը նկատեց. «Մեր եկեղեցին պետք է շատ ակտիվ քաղաքականություն վարի, պետք է նստի վրաց կաթողիկոսի հետ, պարզ կամ կոշտ դիրքերից դնի իր շահերը, չվախենա ինչ-ինչ հանգամանքներից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter