Աղվան Հովսեփյանն ընդունել է Թոմաս Համմարբերգին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքէջը:
Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ, որոնց մասով նախաքննությունը դեռեւս 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին ավարտվել է եւ սահմանվել ժամկետ նախաքննության նյութերին ծանոթանալու համար: Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, արդեն երկու անգամ երկարացվել է սահմանված ժամկետը: Ներկայումս մեղադրյալներին եւ նրանց պաշտպաններին ժամանակ է տրամադրվել իրեղեն ապացույցներին ծանոթանալու համար եւ քրեական գործը դատարան ուղարկելու հարցը կորոշվի մեղադրյալների եւ պաշտպանների կողմից քրեական գործի նյութերին ծանոթանալուց եւ հնարավոր միջնորդությունները քննարկելուց հետո: Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ քրեական գործը դատարան ուղարկվելու դեպքում կապահովվի դրա հրապարակայնությունը:
«Գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ նշված իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը պարզելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նա տեղեկացրել է, որ հարցաքննվել են անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցած ոստիկանները եւ ոստիկանության զորքերի զինծառայողները՝ ընդհանուր թվով շուրջ 500 անձ, առգրավվել են մի շարք փաստաթղթեր, դրանց թվում ոստիկանության մատյանները, ինչպես նաեւ ոստիկաններին եւ զինծառայողներին ամրացված հրազեններն ու հատուկ միջոցները: Առգրավվել են նաեւ մահացած անձանց հագուստները եւ մարմիններից հանված առարկաները, որոնք ներկայացվել են փորձաքննությունների»,- հայտնում է դատախազության լրատվության ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել