HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը փլուզում է ողջ համակարգը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել ՀՀ ոստիկանության օրվան նվիրված շքերթին: Նախագահը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ մեդալներով:

Ստորև ներկայացվում է Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ոստիկանության օրվա առթիվ:

«Ոստիկանության հարգելի աշխատա­կիցներ և վետերաններ,

Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ,

Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակ­ցու­թյամբ: 

Անցած երկու տասնամյակները Հայաս­տանի ոստիկանության կայաց­ման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Եվ Արցախյան ազատամարտում, և հան­ցա­վորու­թյան դեմ պայքարում մեր ոստի­կան­ներից շատերը դրսևորեցին մասնագի­տա­կան բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայու­թյան ուղեցույց:

Հայաստանի ոստիկանությունն այս ընթաց­քում անցավ վերափոխում­ների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփո­խումներն ու արդիակա­նա­ցումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենք­ների ընդունումը և օրենսդրական փոփոխու­թյուն­ների ողջ փաթեթը, իհարկե, անհրա­ժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավա­րար չեն:

Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձևավորել քաղաքացի-ոստիկան, հասարա­կություն-ոստիկանություն հարաբերություն­ների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղա­քացին: Այս իրողությունը մեծապես խոչընդոտում է ընդհանուր զարգաց­մանը: Դրանից հավասարապես տուժում և հավասարապես դժգոհ են թե քաղաքացին, թե ոստիկանը:

Մեր խնդիրն է ձևավորել այդ նոր ավան­դույ­թը, և այստեղ առաջին դերը կրկին պատկա­նում է ձեզ, որովհետև դուք ներկայաց­նում եք պետական կառույց և հիմնականում կայա­ցած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացա­ռիկ սառնասրտություն ու զսպվածություն և մյուս կողմից `վճռականություն: Այո, սա բարդ խնդիր է, որովհետև հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է և պարտականությունը:

Քաղաքացիների իրավունքների և ունեց­վածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստի­կա­նությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևա­նը աշխարհի ամենաապահով մայրա­քաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագ­րից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ:

Տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների և բացթողումների մասին, բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության և զգաստության կոչերին: Փաստ է նաև այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք:

Վստահեցնում եմ, որ մեր քաղաքա­ցիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձևակերպեք ձեր պահանջներն ու խնդիր­ները, ինչպես նաև բացառեք խտրականու­թյունը: Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախ­տումը, վարկաբեկում և փլուզում է ողջ հա­մա­կարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձևավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու և ոստիկանի փոխհարաբերության ավան­դույթը:

Կրկնում եմ` մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ, այլ ոչ քայքայել այն դեռևս սաղմնային վիճակում: Ընդունում եմ` կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր, ձեր գոր­ծի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպ­քեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները:

Խնդրում եմ հիշել, որ մեր երկրի քաղա­քացի­ներն ու հյուրերը ոչ մի պաշտոնյայի այնքան հաճախ չեն հանդիպում, որքան ձեզ` փողոցից սկսած: Նրանց համար առաջին հերթին դուք եք ներկայացնում մեր պետու­թյու­նը` Հայաստանի Հանրապետությունը, որ կարող է նրանց աչքում բարձրանալ կամ հակառակը` վարկաբեկվել հինգ րոպեում: Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, և հենց այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը և պատրաստ ենք ամենայն աջակցության:

Հարգելի ոստիկաններ,

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիք­ներին քաջառողջություն, հաջողություններ ձեր ծառայության մեջ: Նոր Հայաստանի կերպարը ձևավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարևոր­ներից է նաև ոստիկանի կերպարը: Մաղթում եմ, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին և իդեալներին: 

Մեր երկրի ներկան ու ապա­գան պայմանավորված են բազմաթիվ գոր­ծոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնե­լի և անփոխարինելի է: Այդ առանց­քային գործոններից մեկը դուք եք, հարգելի ոստիկաններ: Եվ ես մաղթում եմ ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը:
Շնորհավորում եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter