HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«1994-1998 թթ. բանակցությունները մեզ պետք չեն»,- գտնում է ԼՂՀ ԱԺ պատգամավորը

Հակամարտության կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության մասին հարցը վերջին շրջանում մեկնաբանվում է տարբեր ձեւերով: Օրինակ, վերջերս Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է. «Երբեմն մարդիկ մտածում են, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղված բանակցային գործընթացից: Ինչ է դա նշանակում: Եթե մենք այսքան հաճախակի այստեղ ենք, դա ոչ միայն ղարաբաղյան խոհանոցը փորձելու եւ թթի օղի խմելու, այլ նրա համար է, որպեսզի աշխատենք ձեր ղեկավարների հետ»: Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, շատ հաճախ հայտնվում են ոչ պրոֆեսիոնալ, կամ միտումնավոր իրավիճակը խեղաթյուրող հրապարակումներ այս կամ այն լրատվամիջոցներում, որ ԼՂՀ-ն բանակցային կողմ է եղել: «Եթե մենք խոսում ենք բանակցությունների այն մակարդակի մասին, որ եղել է 1994-1998թթ., այդ բանակցությունները մեզ պետք չեն: Այդ բանակցություններում ոչինչ չի որոշվելու: Այն ժամանակ էլ հիմնական բանակցողները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն էին, որոնք դարձյալ պարբերաբար հանդիպում էին, եւ պարբերաբար հանձնարարություններ էին տալիս ԱԳ նախարարներին եւ փորձագիտական խմբերին` շարունակելու աշխատանքը խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Մենք մասնակցել ենք հենց այդ խաղաղ համաձայնագրի էլեմենտների մշակման փորձագիտական քննարկումներին, որոնք բանակցություններ համարել չի կարելի»,-այս կարծիքն է «Հետքի» հետ զրույցի ժամանակ հայտնել Վահրամ Աթանեսյանը: Նա բանակցություններ չի համարում, երբ «մի կողմում նստած է եղել ԼՂՀ ԱԳ նախարարը, իսկ մյուս կողմում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Նիզամի Բահմանովը»: «Ես չեմ համարում, որ ԼՂՀ-ն երբեւիցէ լիաֆորմատ, այսինքն` մակարդակների ճանաչված լիազորություններով մասնակցել է բանակցային գործընթացին: Ադրբեջանը ուրախ կլինի, եթե մենք նախկին ֆորմատով մասնակցենք բանակցություններին: Իսկ լիաֆորմատ բանակցություներին մասնակցելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասում է ԱԺ պատգամավորը: Եւ այստեղ, ըստ նրա, էականը մեր ցանկությունն է, որը պայմանավորված պետք է լինի խնդրի լուծման մեր պատկերացումից: «Մենք պետք է հստակեցնենք խնդրի կարգավորման մեր պատկերացումը եւ մեթոդոլոգիան»,- գտնում է Վ.Աթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter