Դիմադրության ժամանակ ոստիկանին վնասել են
Երեկ 49-ամյա Սուսաննա Ա.-ն ահազանգել է ոստիկանության Գյումրու բաժին եւ հայտնել, որ ոմն Արտյոմ սպառնացել է իրեն աղյուսով սպանել, եթե ինքը չգնա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ “Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության” համար մեղադրվող, նախկինում 2 անգամ դատված Մկրտիչ Մելոյանի օգտին սուտ ցուցմունք տա:
“Մեկնած օպերատիվ խումբը Տերյան-Մուսայելյան փողոցների խաչմերուկից փորձել է բերման ենթարկել նախկինում 4 անգամ դատված 34-ամյա Արտյոմ Գ.-ին` «Չախալ» մականունով, եւ Մկրտիչ Մելոյանին: Վերջիններս դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ Մ. Մելոյանը իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ոստիկաններից մեկին Մուսայելյան փողոցով մոտ 20 մետր քարշ է տվել եւ աջ ձեռքի ու ոտքի մասերում պատճառել վնասվածքներ, որից հետո նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի ու բախվել մեկ այլ ոստիկանի պատկանող «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի”,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` իրավապահներից մեկը իրեն ամրացված «Մակարով» տիպի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ` կանխելու Մ. Մելոյանի գործողությունները: “Արտյոմ Գ.-ն եւ Մկրտիչ Մելոյանը բերման են ենթարկվել ոստիկանության Գյումրու բաժանմունք, կատարվում է նախաքննություն”:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել