Մարտի 1-ին ոստիկանության սպառազինության մեջ եղել է մեկ դիպուկահար
Այսօր հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը հրապարակել է արտասահմանցի լրագրողի հետ Սամվել Նիկոյանի զրույցի ձայնագրությունը: Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին լրագրողը հարցնում է, թե ոստիկանության կողմից ի՞նչ տեսակի զենքեր են օգտագործվել մարտի 1-ին:
«Մեր օրենքներով, ոստիկանությունն իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, «դուբինկաներ», ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, «չերյոմուխայի» տարբեր տեսակներ եւ հրազեն,- պատասխանում է Նիկոյանը եւ մանրամասնում զենքի տեսակները,- ոստիկանի կողքի հրազենից սկսած` անհատական, եւ ավտոմատ զենք, եւ մի հատ սնայպեր»:
Լեւոն Զուրաբյանը նշել է, որ այսօր ՀԱԿ-ի ներկայացուցիչները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին հավանաբար կհանձնեն հարցազրույցի ձայնագրությունը: Այն նաեւ փոխանցվելու է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբին:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` ավելի ուշ Սամվել Նիկոյանը լրագրողներին պարզաբանել է, թե «այո, ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանել է մեկ դիպուկահարի ներկայությունը»: Իսկ թե վերջինիս կրակոցից վիրավորված կամ զոհված անձ կա՞, նա «այս պահին հստակ չգիտի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել