HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումները երբեք էլ նույնը չեն եղել»

"ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցը որեւէ նորություն, համենայնդեպս էական շեշտադրում չի մտցնում կարգավորման ընդհանուր գործընթացի մեջ: Դա հերթական հանդիպում է, գուցե մի քիչ մայնդորֆյան հռչակագրի ստորագրման ֆոնին գունազարդված բավական հայտարարությունների առումով, նույնիսկ` էկզոտիկ, որովհետեւ տրամագծորեն միմյանց հետ չփոխկապակցված հայտարարություններ հնչեցին տարբեր համանախագահների կողմից, ինչը ի վերջո թույլ է տալիս ասել, որ մոտակա, տեսանելի հեռանկարում ղարաբաղյան կարգավորման հանգուցալուծման մասին խոսակցությունները կամ չափազանցություն են, կամ էլ արվում են հանրային կարծիքի եւ քաղաքական ուժերի տեսակետները զոնդաժի ենթարկելու նկատառումով: Չեմ բացառում թե մեկը, թե մյուսը”,- այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` պատասխանելով ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների մասին հարցին: Նրա կարծիքով, վատ է, որ “կարգավորման շուրջ երկու ժողովուրդների` ադրբեջանցիների եւ հայերի էլիտան հավասարակշռված վերաբերմունք չի ցուցաբերում”: “Սա հիմնականում վերաբերում է հայկական եւ տեղեկատվական, եւ քաղաքական էլիտային, որը, իմ զգացողությամբ, խոսում է ոչ թե կարգավորման մասին, այլ կարգավորման հետեւանքով հայկական կողմին սպասվող ինչ-որ “նոյան ջրհեղեղի” կամ “ապոկալիպսիսի” մասին: Սա չի խոսում մեր փորձագիտական հանրության, քաղաքական որոշակի շրջանակների եւ լրատվամիջոցների շահագրգռվածության մասին, ինչը վտանգավոր է ոչ թե այն առումով, որ նրանք իշխանությունների տեսակետից տարբերվող տեսակետ են արտահայտում, այլ նրանով, որ արտաքին աշխարհում ստեղծվում է տպավորություն, որ հայ ժողովուրդը ղարաբաղյան խնդրի կարգավորման միասնական հայեցակարգ չունի: Եվ սա երեւի ամենացավալին է, որը երեւակվեց”,-կարծում է Վահրամ Աթանեսյանը Ամեն դեպքում, ըստ Վ.Աթանեսյանի, ինքներս մեզ հետ պետք է անկեղծ լինենք եւ հասկանանք մի պարզ ճշմարտություն, որ եթե խոսում ենք կարգավորման մասին, ապա պետք է պատրաստ լինենք փոխզիջումների, եթե խոսում ենք խնդրի չկարգավորման մասին, ապա դարձյալ պետք է անկեղծ լինենք: “Հստակ պատասխան պիտի ունենանք` մենք գնում ենք կարգավորման, թե ոչ, եթե գնում ենք, ապա որն է կարգավորման մեր պատկերացումը, եթե չենք գնում, ապա ինչ ենք անում, որպեսզի չգնանք”,-ասում է ԱԺ պատգամավորը, որը կարծում է, որ այդ պատասխանը գտնելու համար հանրության հետ բաց երկխոսության պետք է գնալ, քանի որ որոշվում է հենց Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը: Ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ է ուզում, ժողովրդի կարծիքը պետք է որոշիչը լինի, որն էլ, ըստ պատգամավորի, պետք է իրացնեն իշխանությունները: “Չգիտես ինչու, մենք բաց երկխոսությունն անընդհատ ուշացնում ենք”,-ասում է նա` ավելացնելով, որ պատմական եւ ճակատագրական հարց է լուծվում, եւ “այստեղ որեւէ զգացմունքայնություն չի կարող առաջնորդ լինել, պետք է լինի պրագմատիկ հաշվարկ, ուժերի բալանսի լիակատար վերլուծություն, որը թույլ կտա կատարել հաջորդ քայլը”: Վերջին շրջանում Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարների` ղարաբաղյան հարցի կարգավորման տարբերակների շուրջ հայտարարություններն ու կարծիքները կարծես թե իրարից բավականին տարբերվում են: Այս տարբերության վերաբեյալ հարցին ի պատասխան ԱԺ պատգամավորը նշեց, որ Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշումները երբեք էլ նույնը չեն եղել եւ չեն էլ կարող: “Սա էլ այն ճշմարտություններից է, որ քննարկման չպետք է ենթարկվի եւ այսօրվա խնդիրը չէ դա: Միշտ էլ այդպես է եղել, որովհետեւ ի վերջո լուծվում է Ղարաբաղի խնդիրը, եւ դա մեր թուլությունը չի արդեն, այլ ընդհակառակը մեր` եւ դիվանագիտական, եւ ամենակարեւորը քաղաքական ռեսուրսը, ինչպես նաեւ մեր ներքին համաժողովրդական համախմբվածության ռեսուրսը, երբ ԼՂ-ը կարողանում է ասել իր վճռական խոսքը: Ես չեմ համարում, որ մենք ասել ենք մեր վճռական խոսքը: Եթե դուք գտնում եք, որ ԼՂՀ նախագահի այն միտքը, որ մենք ունենք Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, նշանակում է մեր վերջնական խոսքը, ապա ես այդ կարծիքին չեմ: Մենք դեռեւս չենք ասել, եւ պետք է արագորեն նախապատրաստվենք, որպեսզի այդ խոսքն ասենք: Եվ դրա համար, ինչպես արդեն նշել եմ, պետք է հասարակության հետ բաց երկխոսության գնալ”,-ավելացրեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերջերս շրջանառության մեջ դրված այն ժամկետներին, թե իբր ղարաբաղյան խնդիրը լուծվելու է դեկտեմբերին կամ մոտակա ամիսներին` պարոն Աթանեսյանը մասնավորապես նշեց. «Իհարկե ոչ դեկտեմբերին, ոչ էլ 2009 թվականին ղարաբաղյան խնդիրը չի լուծվելու: Սա ակնհայտ է բոլորի համար, քանի որ երբ ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները արտահայտում են գաղափարներ, որոնք միմյանց հետ չեն շաղկապվում, ապա պատկերացնել, որ այս համանախագահությունը գալու է ինչ-որ մի ընդհանուր հայտարարի եւ խնդիր է լուծվելու, այն էլ այս ձեւով, սա պարզապես իրականությանը կարծես թե կարող է միայն հեռավոր առնչություն ունենալ»: Հասարակության հետ աշխատելու մեջ, ըստ պատգամավորի, շահագրգռված չեն նաեւ միջնորդ երկրները, որոնք իբր թե շահագրգռված են խնդրի կարգավորմամբ: «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ միջնորդներն իրենք շահագրգռված չեն կարգավորմամբ: Միակ կանխատեսումը, որ կարելի է անել, դա այն է, որ քանի դեռ համանախագահող երկրները եւ տարածաշրջանային որոշ խաղացողներ որեւէ կերպ չեն գտնում այս խնդրի կարգավորման իրենց համար ընդունելի տարբերակը` այս խնդիրը չի լուծվելու»,-ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter