HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի թեմի առաջնորդը երկյուղելու ոչինչ չունի

Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս խիստ սրվել են Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները: Եթե Սրբազանը քաղաքապետին քննադատում է եկեղեցու հողերը յուրացնելու, «կեղծ բարեպաշտ» լինելու համար, ապա Վարդան Ղուկասյանը հոգևոր առաջնորդից ազատվելու գործնական միջոցներ է ձեռնարկում: Նա ստորագրահավաք է կազմակերպում` քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատակիցներին հարկադրելով դուրս գալ թեմի առաջնորդի դեմ: Քաղաքապետի այս քայլը մեծ աղմուկ է բարձրացրել Գյումրիում, դժգոհ են ինչպես մտավորականները, այնպես էլ ստորագրահավաքին մասնակցողները, այն աստիճան, որ նրանց հոսքը առաջնորդարան չի դադարում: Ու թեև քաղաքապետը հրապարակավ վստահեցնում է, որ առաջնորդի հետ կոնֆլիկտներ չկան, այլ «հոգեկան հիվանդությամբ» տառապող լրագրողներն են տեղի-անտեղի աղմուկ բարձրացնում, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը ճիշտ հակառակն է փաստում: Երեկ Հետքը Սրբազանին խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ է իրականում կատարվում, ինչու՞ է քաղաքապետն իր դեմ ստորագրահավաք կազմակերպում: Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառանալուց հետո ինը տարվա ընթացքում միշտ լարված են եղել քաղաքապետարան-առաջնորդարան հարաբերությունները, որովհետև անձնական խնդիրներ կան, մարդկային գործոն կա, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի հանդուժում առաջնորդի ինքնուրույն գործելակերպը, և այս ինը տարվա ընթացքում մեր հարաբերությունները միշտ եղել են պարբերաբար լարված, և մենք միշտ եղել ենք պատանդի կարգավիճակում այս եկեղեցաշինությամբ: Եվ այդ ինը տարվա ընթացքում միշտ փորձեր են եղել վարկաբեկել առաջնորդին, այսինքն՝ որևէ մի կոմպրոմատ, բիծ գտնել և վարկաբեկել, հիմա կարծես թե գտել են այդ կոմպրոմատը, որ իբրև թե քաղաքականությամբ զբաղվելն է, կարծես թե քաղաքականությամբ զբաղվելու թույլտվություն ես քաղաքապետարանից պիտի ստանայի: Ես իմ վերջին ելույթում` նախընտրական, զգուշացրել էի, որ այսօր քաղաքապետարան-առաջնորդարան հարաբերություններ որպես այդպիսին չկան, և եթե տեղի ունենա վերընտրություն, նաև հնարավոր է չորս տարի այդ վիճակը շարունակվի, և այն, բնականաբար, իր անդրադարձը կունենա ժողովրդի վրա: Հիմա որպեսզի իր անդրադարձը չունենա, երևի թե ստորագրահավաք է ձեռնարկվում, չգիտեմ, համենայնդեպս, կարծում եմ՝ սա քաղաքապետի հերթական ջղաձգությունն է, և Աստված տա՝ լինի վերջինը: Դուք տեսե՞լ եք՝ ինչի տակ են ստորագրում Ղուկասյանի մարդիկ: Մենք շատ փորձեցինք ձեռք բերել գոնե մի նմուշ, բայց ոչ մի կերպ մեզ չհաջողվեց, չեք կարծու՞մ, որ սրանք պարզապես ասեկոսեներ են: Ես էլ տեղյակ չեմ, ոչ տեղյակ եմ մեղադրանքներին, ոչ էլ ստորագրողներից, միայն մի ստորագրողի և ստորագրահավաքի կազամակերպչի գիտեմ, ընդամենը երկու օր առաջ Հայկավանի եկեղեցու բացմանը իմ կենացն էր խմում, բայց մարդը կարողանում է և՛ իմ կենացը խմել, և՛ նաև ստորագրահավաքի նախաձեռնողներից կամ կազմակերպիչներից մեկը հանդիսանալ: Սա խոսում է այդ ստորագրահավաքի բարոյական չափանիշների մասին: Անշուշտ, ստորագրահավաքին մասնակցողների ճնշող մեծամասնությունը պետք է լինի ուղղակի ստիպողական, որ ստիպված` այս կամ այն պատճառով պիտի ստորագրեն, հետո պիտի գան, բնակաբար, և ներողություն խնդրեն, որովհետև որևէ մի պատճառ չի եղել այս ինը տարվա ընթացքում, որ ժողովուրդը, ինչպես որ քաղաքապետն է ասում, զայրույթ ունենա առաջնորդի նկատմամբ, ոչ մի հիմք չկա, թեմի առաջնորդը չի տվել այդ հիմքը ժողովրդի և ոչ մի խավի: Հետո նաև պիտի հասկանան, որ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը Գյումրիի քահանան չի, Շիրակի թեմի առաջնորդը ողջ Շիրակի թեմի հոգևոր պետն է: Ինչպե՞ս հասկանանք քաղաքապետի այս քայլը, եթե թեմի առաջնորդը իր հետ չէ, ուրեմն իր թշնամի՞ն է: Այո, ինքը հենց այդպես էլ ընդունում է, ինը տարի առաջնորդը եղել է թշնամի, փաստորեն, որովհետև ինը տարի դուք տեղյակ չեք, և ոչ ոք տեղյակ չէ, թե ես ինչ փորձությունների միջով եմ անցել, ինչ տիտանական համբերություն եմ ունեցել՝ դիմադրելու համար այն բոլոր սադրանքներին, որոնք եղել են: Ինը տարի շարունակ ես ասում եմ, ամեն տեսակ սադրանք եղել է ինձ վարկաբեկելու համար, չեն գտել, այսօր իբրև թե գտել են` քաղաքականությամբ զբաղվել, կարծես թե ես քաղաքականությամբ զբաղվելու թույլտվությունը քաղաքապետարանից պետք է ստանայի: Ի՞նչ սադրանքների մասին է խոսքը: Քաղաքապետը քաջալերում է աղանդավորներին, տարածքներ է տրամադրում, շինթույլտվություններ է տալիս, եկեղեցուն այդ նույն բաները չի տալիս, զրկում է: Եվ սա անում է, որպեսզի աղանդավորները այստեղ շարժում ստեղծեն, և մարդիկ մեղադրեն առաջնորդին, ասեն, որ առաջնորդը չի աշխատում: Կարծես ես էի, որ մորմոնների ղեկավարին` Հանցմանին, Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցի, մորմոնական եկեղեցի հիմնեցի: Սա սադրանք է իմ դեմ: Այդ դեպքում ինչու՞ է Վարդան Ղուկասյանը նշում, որ ինքն աշխարհի այն եզակի քաղաքապետերից է, ով զբաղված է եկեղեցաշինությամբ, հարյուրապատկել է եկեղեցուն պատկանող հողերը: Կարող եք խոսել մյուս առաջնորդների հետ, և նրանք կասեն, թե մյուս քաղաքապետերը ինչեր են արել եկեղեցու համար, այս քաղաքապետը ինը տարվա ընթացքում եկեղեցու համար ոչինչ չի արել, արել է այն, ինչ ինքը ցանկացել է, արել է այն, ինչը իր անվան փառաբանությունը կարող է լինի, բայց փոխարենը չի պատասխանել առաջնորդի նամակների իննսունհիգ տոկոսին, գնացեք բացեք արխիվները քաղաքապետարանի և կտեսնեք, թե առաջնորդը քանի նամակ է գրել, քանի հարցերով, և քանի պատասխան կամ լուծում է ստացել: Ինը տարվա մեջ ընդամենը մենք իրենից կարողացել ենք ձեռք բերել Սուրբ Նշանին կից բնակարան` նախկին եկեղեցապատկան հսկա շենքում, ընդ որում՝ յոթ տարվա գործընթացից` քաշքշուկից հետո հազիվ կարողացել ենք «պոկել» , այդ բառն եմ օգտագործում` «պոկել» այդ բնակարանը: Ուրիշ որևէ բան այս քաղաքապետը եկեղեցուն չի տվել, ընդհակառակը՝ մի ձեռքով տվածը, նույնիսկ եկեղեցապատկան տարածքների պահպանման գոտիներից, խլել է, վկա՝ Սուրբ Հակոբի տարածքը, որտեղ, վերջ ի վերջո, անթաքույց երևում է շինարարությունը և զավթումը, նույնը վերաբերում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքին, որտեղ հուշարձան է դրվում առանց եկեղեցու թույլտվության և արտոնության, և նաև՝ Հայորդաց տան տարածքը, որն իրենը չի եղել, ինքը չի տվել եկեղեցուն, այլ պաշտպանության նախարարությունը, և նախարարության կողմից տված այդ հողատարածքը համարելով իրենը կամ քաղաքապետարանինը՝ դրել է աճուրդ-վաճառքի և վաճառել է քաղաքապետի տեղակալի որդուն: Ոչ մի կալվածք այս քաղաքապետը եկեղեցուն չի տվել, ընդհակառակը՝ եկեղեցու դիմումները մերժել է, օրինակ՝ ուզում էինք կառուցապատում սկսել մորմոններին հարակից տարածքում, արտադպրոցական կենտրոնի բնակելիների տարածքն ենք խնդրել` ասելով, թե թող Հայորդաց տունը ամբողջանա, Ամենափրկիչ եկեղեցին վաղը որ բացվի, քահանան այնտեղ գրասենյակային հարմարություններ չի ունենալու, դիմել ենք վաղուց, նույնը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում, դիմել ենք, որ գրասենյակ ունենանք, վաղը Սուբ Ամենափրկիչ եկեղեցու քահանան որտե՞ղ է նստելու, որտե՞ղ է լվացվելու, պետք է այնտեղից կտրի-անցնի, գա Առաջնորդարա՞ն: Եվ առաջնորդը դիմել է ու այս հարցի շուրջ ընդհանրապես պատասխան չի ստացել: Սրանք փաստեր են, եթե կարող ես հերքել, հերքի: Շատ դժվար է, գրեթե անհնար է ստի, կեղծիքի դեմ պայքարելը: Եթե մարդը բարի լույս է ասում ու բարի լույսի մեջ էլ սուտ է խոսում, պետք է կասկածես՝ բարի՞ է, արդյոք, թե լույս է: Ասում եմ՝ ինը տարի տիտանական համբերություն էր պետք դիմանալու համար, բայց այլևս իմ մարդկային ուժերը սպառված են, ես ի վիճակի չեմ այլևս համբերելու: Բայց քաղաքապետը մեզ վստահեցնում էր, որ Ձեզ ոչ մի «թթու խոսք» չի ասել, շատ ջերմ է եղել ձեր նկատմամբ և ապշել է, որ Դուք ի վնաս իրեն քարոզչություն եք արել: Ստում է, ինչպես միշտ, հերթական սուտն է, միշտ եղել է անհարգալից, օրինակները բազմաթիվ են, բայց պատշաճ չէ օրինակները մեջբերելը, միշտ խոսել է իմ մասին` ասելով եպիսկոպոս, երբևիցե չի ասել Սրբազան, երբևիցե լսե՞լ եք, որ ասի Սրբազան` «եպիսկոպոսին ասեք՝ գա էստեղ, եպիսկոպոսին ասեք դուրս գա, եպիսկոպոսին ասեք` թող գա, դիմավորի կամ պաշտոնական ընդունելություներին` որևէ ժապավեն կտրելիս, ինձ իբրև թե ճանապարհ է տալիս և հրապարակային բոլորի առաջ ասում է՝ ՙարի, արի անցի, ես որ քեզ չհարգեմ, ուրիշ մեկը չի հարգի, սա՞ է հարգալից վերաբերմունքը: Եկեղեցի մտնելիս` պատարագներին, այն ժամանակ, երբ որ Առաջնորդի անվան հիշատակությունն էր պատարագին և բոլորը ոտքի էին կանգնում, ինքը նստում էր, և այդ մարդուն Առաջնորդը երբեք դիտողություն չի արել, լռել է, համբերել ինը տարի: Ինչքա՞ն կարելի է համբերել: Եվ սա նշանակում է, որ եղել է հարգալի՞ց: Ես իմ կյանքում` քառասունհինգ տարվա, և քսան տարվա հոգևորականի կյանքում երբեք իմ նկատմամբ ավելի անհարգալից մարդու չեմ հանդիպել, քան ինքն է եղել: Սա է իրականությունը: Իսկ քաղաքապետը ճիշտ հակառակն էր վստահեցնում, որ, օրինակ, Դուք եք իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունեցել, հարյուր հիսուն գառ է մորթել քաղաքապետը, իսկ Դուք հրաժարվել եք օրհնել: Հերթական սուտն ու կեղծիքն է: Ինքն ինձ առաջարկել ու ասել է, որ ուզում է մատաղ անել, ես էլ իրեն առաջարկել եմ, թե արի Վարդավառի տոնին արա Ամենափրկչում և արա պատարագից հետո: Ինքը արել է պատարագից առաջ, խափանել, խանգարել է ողջ պատարագը: Եվ երբ ես պատրաստվում եմ պատարագի մտնելու, հանկարծ իր «դեսպանը» գալիս և ասում է` արի մատաղը օրհնի: Ես պատասխանում եմ, որ մատաղը օրհնում ու բաժանում են պատարագից հետո: Պատարագի ընթացքում մատաղ չեն բաժանում, չեն խանգարում պատարագը: Եվ ես պատարագ եմ անում դհոլ-զուռնայի ուղեկցությամբ: Դհոլ-զուռնայի ուղեկցությամբ հանարավո՞ր է պատարագ անել: Այսինքն՝ ամեն ինչին ծուռ մեկնաբանություն է տալիս: Եթե ես ասեի՝ պատարագից առաջ արա մատաղօրհնությունը, ինքը անպայման կաներ պատարագից հետո, որպեսզի հակառակվեր, որպեսզի ես էլ ընդդիմանայի, բոլորին ասեր, թե տեսեք՝ առաջնորդը մատաղը չի օրհնում, հերթական սադրանքն է: Չնայած մեր հարաբերությունները լրիվ սառած էին, բայց իր դեմ մահափորձ անելուց հետո ես երեք անգամ այցելեցի իրեն` թե՛ տանը, թե՛ հիվանդանոցում: Սրանից հետո պարզ էթիկան ի՞նչ է պահանջում, որ մարդը գա շնորհակալություն հայտնի, եկա՞վ, գուցե եկել է, ես չեմ իմացել: Փոխարենը եկավ, գնաց քաղաքապետարան աղավնիներ թռցրեց: Գար, ասեր՝ շնորհակալություն, Սրբազան, քո աղոթքների և բարեմաղթանքների համար, բայց իր ամբարտավանությունը այնքան է, որ չի կարող, ինքը քաղաքում իրեն հավասարը չունի, ինքը ամենաբարձրն է, ինքը այդպես է մտածում, իրենից բարձր ոչ ոք չկա՝ ո՛չ առաջնորդ, ո՛չ մարզպետ , ինքն է` Ֆյուրերն է: Քաղաքապետի երդման արարողությանը Դուք չկայիք, Ձեզ չէի՞ն հրավիրել: Անշուշտ, չէին հրավիրել, և եթե հրավիրեին էլ, չէի գնա այդ մթնոլորտում, և հետո՝ ես այդպիսի հրավեր`միջնորդավորված, չեմ ընդունում: Ինը տարի շարունակ ես ասել եմ, թե միջնորդավորված ինձ մի հրավիրի: Քաղաքապետ-առաջնորդ հարաբերությունները միջնորդավորված չպետք է լինեն, քաղաքապետը անձամբ պետք է կոնտակտի մեջ մտնի առաջնորդի հետ, բայց դա նույնիսկ զլանում է անել, ինքը էնքան բարձր է, շփվում է միայն նախագահ, կաթողիկոս, ԱԺ նախագահ, այդ մակարդակով, իսկ մնացած բոլորը նրանից ցածր են, և քանի անգամ, երբ փոխքաղաքապետը կամ աշխատակազմի ղեկավարը ինձ դիմել են որևէ հարցով, ես ասել եմ` պատշաճ է, որ քաղաքապետը ինքը դիմի: Ես երեք մարզպետի հետ եմ գործ ունեցել, նրանցից ոչ մեկն ինձ հետ միջնորդավորված չեն շփվել, հարց ունեն՝ ուղղակի զանգահարում և խոսում են, էսպես պետք է լինի հարաբերությունը: Բայց եթե մարդը չի ուզում, ամեն քայլը սադրանք է, ամեն կերպ փորձում է նվաստացնել առաջնորդին, դարձնել, էսպես ասած, քաղաքապետարանի կամ քաղաքապետի հլու-հնազանդ ենթական: Բոլոր մյուս քաղաքապետերը անհավատ են, բայց ո՞ր անհավատ քաղաքապետն է իր առաջնորդի նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցուցաբերում: Ինքը իր եսն է ամենից բարձր դասում, գահի վրա իր եսն է, հետո նոր՝ Աստված կամ Աստված՝ նույնացած իր եսի հետ, ինչպես քաղաքն է նույնացած իր եսի հետ: «Ես սիրում եմ քաղաքը» որ ասում է, իր եսն է, որ սիրում է, որովհետև քաղաք կոչվածը ինքն է, էստեղ ուզենա՝ արձան կդնի, ուզենա՝ բոստան կցանի, ինչ ուզենա կանի քաղաքի հետ: Ինքն է որոշում, բայց չի մտածում, որ կարող է սիրել, բայց էդ սիրո արտահայտությունը լինի վատ, ասենք՝ մարդիկ կարող են երեխային սիրել, բայց էնքան սիրել, որ շփացնեն, և պատուհաս դառնա էդ սերը երեխայի նկատմամբ, սիրել՝ չի նշանակում ճիշտ գործել, ուրեմն բարի եղիր քեզ շրջապատել էնպիսի մարդկանցով, ովքեր քեզ իմաստուն խորհուրդ կտան, ոչ թե քեզ շրջապատիր ստորաքարշ մարդկանցով, ովքեր քեզ կասեն` «օհ, միայն դու ես` Ֆյուրերն ես, անսխալ ես», եթե այստեղ որոշեցիր արձան դնել, ուրեմն հոյակապ է, եթե այս արձանը քո ասած տեսքով պետք է լինի, ուրեմն դա իդեալական է: Չի կարելի՝ ձև կա, չափ կա, սահման կա, քաղաքի հետ այդպես վարվել չի կարելի: Եկեղեցու համար ոչ մի բան չի արել, ու ամեն ինչ վերագրում է իրեն` եկեղեցու ատյանի մարմարապատումը ինքը չի արել, վերագրում է իրեն, սրբապատկերների վերանորոգումը ինքը չի արել, բայց հեռուստատեսությամբ ասում է` ես եմ արել: Սուտ, ստի վրա՝ սուտ, կեղծիքի վրա՝ կեղծիք, սադրանքի վրա` սադրանք, այլանդակության վրա` այլանդակություն է, սա է, ուրիշ ոչ մի բան չկա: Եթե վաղը, Աստված մի արասցե, թեև անհավանական է, ենթադրենք՝ Վեհափառը ընդունեց ստորագրահավաքը և ինձ էլ պաշտոնից հանեց, անմիջապես կպարզվի, որ ինքն է, կասի`տեսա՞ք առաջնորդին ոնց հանեցի, բայց եթե ձախողվի էլ, կասի` ես եմ ժողովրդին խնդրել, թե՝ հերիք է, պետք չէ: Ստի, կեղծիքի վրա հիմնված հեքիաթներ, իր գործելաոճին հարիր: Իսկ թեմի առաջնորդը ոչինչ չունի վախենալու, երկյուղելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter