Վարչապետը հանդիպել է երիտասարդներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Միասին» շարժման ավելի քան հինգ տասնյակ երիտասարդների հետ: Այս մասին տղեկացնում է կառավարության կայքէջը:Աղբյուրի փոխանցմամբ`երիտասարդները վարչապետին ներկայացրել են կրթական համակարգում հակակոռուպցիոն պայքարի իրենց ծրագիրը` իբրեւ աջակցություն կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Կառավարության ղեկավարը ողջունել է շարժման նպատակադրումը, կարեւորելով հատկապես երիտասարդների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ արատավոր երեւույթների, այդ թվում` կոռուպցիայի նկատմամբ հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու, նման երեւույթների դեմ հետեւողական պայքար մղելու, դրանով իսկ երկրում իրականացվող հիմնարար բարեփոխումներին օժանդակելու խնդիրները:
«Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունն ըստ ամենայնի կաջակցի «Միասին» շարժմանը նմանատիպ նախաձեռնություններում` ակնկալելով սերտ եւ արդյունավետ համագործակցություն ի նպաստ մեր պետական, հասարակական կյանքում դրական տեղաշարժերի ապահովման»,- հաղորդում է կառավարության լրատվության ծառայությունը:
Հանդիպման ժամանակ վարչապետը պատասխանել է նաեւ հակակոռուպցիոն պայքարի իրականացման գործում երիտասարդներին մտահոգող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բուհերում հակակոռուպցիոն ծրագրի մեկնարկից որոշ ժամանակ հետո կրկին հանդիպել եւ ամփոփել առաջին արդյունքերն ու առկա խնդիրները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել