HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ նախագահի հանդիպումները Բոստոնում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` “Հայաստան” համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նոյեմբերի 19-ին Բակո Սահակյանը Բոստոն քաղաքում հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ), ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, ՀՅԴ երիտասարդական միության, “Հոմենտմեն” միության եւ “Համազգային” մշակութային միության ներկայացուցիչների հետ: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՕՄ կենտրոնական գրասենյակում: Քննարկվել են ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերին, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, մասնավորապես, ՀՕՄ-ի հետ փոխհարաբերությունների նոր ձեւաչափն արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները: Ըստ Նախագահի, այդ ձեւաչափը, որի հիմքում է սփյուռքահայ կազմակերպությունների եւ ԼՂՀ գործադիր իշխանության միջեւ սերտ փոխգործակցությունը, արդյունավետ համագործակցության հուսալի գրավականն է: Երկուստեք կարեւորվել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնման եւ դրանց նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել սփյուռքահայ երիտասարդների Արցախի հետ կապերի ամրապնդման, Արցախ այցերին ավելի հաճախակի բնույթ հաղորդելու եւ հայրենիքի զարգացման գործում մասնակից դարձնելու խնդրին: Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարի, փոխնախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունիի եւ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանի հետ: Քննարկվել է Ամերիկայի հայկական համագումարի եւ Արցախի միջեւ համագործակցության ներկա փուլը, ինչպես նաեւ ընդլայնման ու խորացման հեռանկարները: Բակո Սահակյանը բարձր է գնահատել համագումարի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում` միաժամանակ նշելով Արցախում ժամանանակից գիտատար տեխնոլոգիաների ներդրման, կրթության զարգացման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խնդիրներին առանձնակի ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Այնուհետեւ ԼՂՀ Նախագահը մասնակցել է Ամերիկայի հայկական համագումարի Նոր Անգլիայի տարեկան շրջանային հավաքին, հանդիպել է նաեւ Մասաչուսեթս նահանգի մի խումբ հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են Արցախում ներդրումների կատարմանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը: Բոստոնում կայացած ԼՂՀ Նախագահի հանդիպումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter