Նախագահականը միջամտում է փաստահավաք խմբի գործունեությանը
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեության մասին այսօր Հայ ազգային կոնգրեսը եւ “Ժառանգություն” կուսակցությունը տարածել են համատեղ հայտարարությունը. “Նոյեմբերի 14-ից Փաստահավաք խումբը սկսել է իր աշխատանքը: Առաջին իսկ նիստում խումբը կոնսենսուսով ընդունել է որոշումներ, որոնցից մեկով Վահե Ստեփանյանն ընտրվել է Փաստահավաք խմբի ղեկավար, մյուսով` խմբի աշխատանքի վայր է ընտրվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Վերջինս իր պատրաստակամությունն է հայտնել ապահովել անհրաժեշտ գրասենյակային պայմանները` խմբի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար: Երկու որոշումն էլ ողջունելի էին, քանի որ նրանք կոչված էին ապահովելու փաստահավաք խմբի գործունեության առավել չեզոքությունը եւ անկախությունը քաղաքական ազդեցություններից:
Չնայած վերը նշված իրողություններին` նախագահի աշխատակազմը միջամտել է փաստահավաք խմբի աշխատանքներին` որպես աշխատավայր պարտադրելով Ազգային ժողովի շենքը` դրա համար չունենալով որեւէ իրավական ակտով սահմանված նման լիազորություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի աշխատակազմն ապօրինաբար միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը, նաեւ այն, որ խմբին պարտադրվում է աշխատել մի հաստատությունում, որտեղ ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու սկզբունքները, ակնհայտ է դառնում որ սրանով էապես նվազելու է Փաստահավաք խմբի աշխատանքի պաշտպանվածությունը հնարավոր ճնշումներից, ուստի նաեւ արդյունավետությունը մարտիմեկյան ոճրագործության փաստերի բացահայտման հարցում:
Իշխանությունների նման գործողությունները եւս մեկ անգամ վկայում են, որ նրանք շահագրգռված չեն փաստահավաք խմբի կողմից մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ եւ անկախ հետաքննության անցկացման մեջ: Հայ ազգային կոնգրեսը եւ “Ժառանգություն” կուսակցությունը պահանջում են իշխանություններից հրաժարվել փաստահավաք խմբի վրա ճշումներ իրականացնելու եւ նրա աշխատանքը վերահսկողության տակ պահելու փորձերից: Եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ եթե խմբի աշխատանքները խոչնդոտելուն ուղղված այս փորձերը եւ ճնշումները շարունակվեն, մենք ստիպված կլինենք հետ կանչել մեր ներկայացուցիչներին”:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել