Նոյեմբերի 21-ից Սյունիքում 20 դրամով կէժանանա հացը
Նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին Կապանի հացաթխման ձեռնարկությունների տնօրենները: Ըստ մարզպետի` միջազգային շուկայում իջել է այլուրի գինը, ուստի նա առաջարկեց հնարավորության սահմաններում Սյունիքում էլ էժանացնել հացամթերքները: Հացաթխման արտադրամասերի ղեկավարները երկար քննարկումներից հետո համաձայնեցին 700 գրամ հացը էժանացնել 20 դրամով: Փաստորեն, նոյեմբերի 21-ին սյունեցիները 700 գրամանոց հացը կգնեն 210 դրամով` նախկին 230-ի փոխարեն:
"Իհարկե, կպահպանվի հացի որակն ու քաշը",- հավաստիացրին տնօրենները:
Միաժամանակ, մարզպետի հանձարարությամբ ստեղծված հանձնաժողովը առաջիկայում կուսումնասիրի մարզի շուկան ու այն ապրանքները, որոնց գները հնարավոր է իջեցնել, հետո անպայման գործարարների ու ապրանքներ ներկրողների համաձայնությամբ կէժանցվեն: "Կոչ եմ անում ու միաժամանակ խնդրում բոլոր գործարարներին, հաշվի առնելով սյունեցիների սոցիալական իրավիճակը, զիջումների գնալ ու հնարավորինս էժանացնել ապրանքների գները",- Կապանի "Խուստուփ ԹԻՎԻ" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել