Տեղազննո՞ւմ, թե՞...
Նոյեմբերի 17-ի երեկոյան «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ օրը խիստ հանձնարարական տվեց իրավապահներին` հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել հարձակման հեղինակներին եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:Երեկվա ասուլիսի ժամանակ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը հայտարարեց, թե «առաջին իսկ պահից ոստիկանապետը գործը վերցրել է հսկողության տակ, փորձառու օպերատիվ աշխատողների մասնակցությամբ կազմվել է օպերատիվ խումբ եւ կատարվում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ-հետախուզական գործողությունները»: Նշվեց նաեւ, որ օպերատիվ-քննչական խմբի ղեկավարումն իրականացնում է անձամբ Արթուր Մեհրաբյանը` ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը:
«Իսկ արդյոք դեպքի վայրում կատարվե՞լ է տեղազննում» Հետքի հարցին ի պատասխան` Ա. Միրիջանյանը շեշտեց. «Պարտադիր տեղազննում է կատարվել նույն պահին: Չի կարող պատահել, որ դեպքի վայր մեկնի օպերատիվ խումբ եւ անմիջապես չսկսի տեղազննությունը: Եթե գիշեր է, մութ է, տեղազննությունը կատարելու ընթացքում մեր մեջ կասկած է մնում, որ ոչ ամբողջությամբ ենք զննել տեղանքը, ինչը պարտավոր էինք անել, կարող ենք հաջորդ օրը լույսով նորից զննություն կատարել»:
Ա. Միրիջանյանը չգիտեր, սակայն, թե կոնկրետ այս դեպքում քանի՞ անգամ է տեղազննություն կատարվել. «Չեմ հասցրել նյութերին ծանոթանալ»,- պատճառաբանեց նա: Ավելի ուշ ոստիկանության մամլո ծառայությունից պարզաբանեցին, որ փորձառու օպերատիվ խումբը «տեղազննության ժամանակ գործին առնչվող որեւէ իր չի հայտնաբերել»:
Մինչդեռ միջադեպից շուրջ 6 ժամ անց` նոյեմբերի 18-ի գիշերվա 1:30-ի սահմաններում, Էդիկ Բաղդասարյանի որդին դեպքի վայրում գտել է հոր մեքենայի բանալիները, լուսանկարչական սարքը եւ բռնարարքի պատահական ականատես դարձած ոստիկանի գազային ատրճանակից արձակված դատարկ գնդակի պարկուճը: Բաղդասարյանի որդին երեկ այն հանձնել է իրավապահներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել