Հայ պատգամավորները գերմանացի կոլեգաներին բացատրել են «ցեղասպանության եւ ադրբեջանցի փախստականների հետ կապված հարցեր»
Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները այսօր լրագրողներին մանրամասներ պատմեցին նոյեմբերի 10-14-ը Գերմանիա կատարած իրենց այցից:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանn ասաց, որ բոլոր հանդիպումների ընթացքում պարտադիր շոշափվում էր Ցեղասպանության հարցը. «Դեռ որոշ մարդիկ որոշ կասկածներ ունեին, օրինակ՝ Կանաչների միության նախագահը գտնում էր, որ դեռ պետք է պարզել, թե ով է մեղավոր»: Ռ. Պետրոսյանն ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության փոխնախագահը հարցրեց, թե ինչու Ադրբեջանի փախստականների հարցը Հայաստանը չի լուծում. «Ստիպված եղանք մանրամասն բացատրել, որ ադրբեջանցիները ուռճացնում են փախստականների հարցերը, որպեսզի կարողանան միջազգային կազմակերպություններից ավելի շատ փող կորզեն»:
ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը անդրադարձավ հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումներին. «Մեր կողմից մի շարք հարցեր էին առաջացել: Ցանկություն հայտնվեց, որ ֆինանսավորումը լինի արվեստի, մշակույթի, առողջապահության ոլորտներում»: Ա. Մելիքյանը հարց էր ուղղել, թե ինչու են հիմնադրամների կենտրոնական գրասենյակները գտնվում Թբիլիսիում, եւ ինչպես են վերաբերվում վերջին իրադարձություններին. «Նրանք դժվարացան պատասխանել»:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կարեւորեց խմբի՝ որպես թիմ հանդես գալու իրողությունը. «Տիկին Պետրոսյանը շատ լավ ղեկավարեց այս աշխատանքները, կարծում եմ, որ նրա այս վարքը թույլ կտա ավելացնել կին պատգամավորների թիվը ԱԺ-ում»: Պատգամավոր Մինասյանը ներկայացրել էր, որ «Թուրքիան պետք է օրինակ վերցնի Գերմանիայից եւ իր անցյալին նայի ավելի բաց»:
Դրական գնահատելով Թուրքիայի նախաձեռնությունը Կովկասյան պլատֆորմի շրջանակներում` հայկական կողմը կարեւորեց այն, որ ներգրավված չեն տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես, օրինակ, Իրանը, ուստի հայկական կողմը գտնում է, որ այս պլատֆորմը չի կարող դիտվել որպես անվտանգության եւ խաղաղության երաշխավորման գործողություն. «Տարածաշրջանի անվտանգությունը պետք է դիտվի որպես Եվրոպայի անվտանգության մաս, առանց տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի անվտանգության հստակ երաշխիքների գոյության՝ չի կարող երկարատեւ խաղաղություն ունենալ ո՛չ տարածաշրջանը, ո՛չ էլ Եվրոպան»:
Գերմանական կողմին հայկական կողմը կոչ է արել նկատի ունենալ այս հանգամանքը եւ Թուրքիայից պահանջել բացել սահմանները առանց նախապայմանների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել