Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամության խումբը ամփոփել է այցի արդյունքները
Նոյեմբերի 10-14-ը Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամության խումբը գործուղվել էր Գերմանիա: Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, իսկ կազմում տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ էին՝ Ռաֆիկ Պետրոսյան (ՀՀԿ), Կարեն Ավագյան (ՀՀԿ), Արմեն Մելիքյան (ԲՀԿ) եւ Արծվիկ Մինասյան (ՀՅԴ): Այսօր ԱԺ-ում նրանք ամփոփեցին իրենց այցի արդյունքները:Տեղի են ոինեցել երեսունից ավելի հանդիպումներ հասարակական-քաղաքական գործիչների, տարբեր հիմնադրամների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում շեշտադրվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների կարեւորությունը: «Հայաստանը Գերմանիայի հետ հարաբերությունները կարեւորում է երկու համատեքստում` միջպետական երկկողմ հարաբերություններ, ինտեգրում եվրոպական կառույցներին»,- նշեց Ա. Պետրոսյանը: Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները: Հայկական կողմը ներկայացրել է իր մոտեցումները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման, ԼՂՀ խնդրի կարգավորման եւ Հարավային Կովկասում զարգացումների հետ: Պատվիրակության բոլոր անդամները ունեցել են հնարավորություն արտահայտելու եւ՛ միասնական, եւ՛ կուսակցական ու անձնական մոտեցումներ տարբեր հարցերի վերաբերյալ:
Ա. Պետրոսյանը կարեւորեց այն, որ Գերմանիայի ուսումնական ծրագրերում ընդգրկված է Հայոց ցեղասպանության թեման: Նա նշեց, որ այցի ընթացքում անդրադարձել են ոչ միայն քաղաքական հարցերի. «Ճշտեցինք դիրքորոշումներ, փոխանակեցինք մտքեր, ուսումնասիրեցինք երկրամասային մակարդակով խորհրդարանների աշխատանքները, հանձնաժողովների գործունեության ոլորտները, ռազմական հանձնակատարի գործունեությունը: Ներկայացրեցինք առաջարկություններ, մասնավորապես օրենսդրության փորձաքննության եւ ուսումնասիրության առումով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել