«ԷյՍիՓի»-ի սեփականատերը կրճատման ենթակա աշխատողներին խորհուրդ տվեց աշխատանք որոնել Ռուսաստանում
Ալավերդու մշակույթի պալատում նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության աշխատողների հանդիպումը ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ: Հանդիպմանը առանձնապես սպասում էին ընկերության տնօրինությունից նոյեմբերի 21-ից աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին ծանուցում ստացած Ալավերդու հանքի և ֆաբրիկայի շուրջ 250 աշխատողները: Իր սեփական ընկերության բանվորների մասին թյուր կարծիք ունեցող սեփականատեր Վալերի Մեջլումյանը գտնում էր, որ աշխատանքը կորցնելու համար ընկերության բանվորների մի քանի օր շարունակվող բողոքի ակցիան Ալավերդու «քաղաքական մուտիլովչիկների» ձեռքի գործն է: Թե ովքե՞ր են այդ «մուտիլովչիկները», նա չէր բարձրաձայնում: Պարզվում է՝ կապիտալիստ Վ. Մեջլումյանի համար անընկալելի էին աշխատանքից զրկված բանվորների մտահոգությունները` իրենց ընտանիքների հետագա ճակատագրի, մասնավորապես «ՎՏԲ Հայաստան» բանկից ընկերության երաշխավորմամբ շուրջ 300 աշխատողների վարկերի մարման գործում ստեղծված անելանելի վիճակի մասին:
Հանդիպման սկզբում բանվորները որպես բողոքի արտահայտություն հրաժարվում էին մտնել մշակույթի պալատի դահլիճ: Նրանք պահանջում էին, որ Վալերի Մեջլումյանը դրսում պատասխանի իրենց հարցերին: Մինչ Վալերի Մեջլումյանը մշակույթի պալատի դահլիճից դուրս էր հրավիրում «Հետքի» թղթակցին, ընկերության անվտանգության աշխատակիցները պալատի դռան մոտ փակել էին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ճանապարհը: «Մենք այսօր նախատեսել ենք աշխատել միայն Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության հետ»,- դահլիճին բացատրում էր պրն Մեջլումյանը:
Նշենք, որ այս հեռուստաընկերության 50%-ի բաժնետերը Վալերի Մեջլումյանն է: Այդուհանդերձ, պրն Մեջլումյանը ստիպված էր դահլիճ չմտնող բանվորներին անձամբ հրավիրել դահլիճ: «Մոտակա ամիսներին դուրս շպրտվող չկա, բերեք բարձրանանք վերև, հանգիստ պայմանավորվենք՝ ինչ ենք անելու հետո»,- ոչ վարժ հայերենով հավաքվածներին հորդորեց նա: Ընկերության լրատվական ծառայության ղեկավարի միջոցով դահլիճ հրավիրվեցին նաև օտարված լրագրողները, որի կապակցությամբ Վ. Մեջլումյանը դահլիճին կրկին տեղեկացրեց. «Ուզում եմ նորից կրկնել, որ այսօր ծրագրավորված չէր որևէ լրատվամիջոցի հրավիրել, բացի մեր տեղական հեռուստատեսությունից, բայց, ի նկատի ունենալով, որ լրատվականները կարող է պատահի ավելի թեժ օգտագործեն այս հանգամանքը, մենք թույլատրեցինք նրանց մասնակցել»:
Վ. Մեջլումյանը լրագրողներից պահանջեց հանդիպման ընթացքում որևէ հարց չուղղել իրեն, քանի որ նա որոշել է հանդիպումից հետո առանձին պատասխանել լրագրողների հարցերին: Ակնհայտ էր, որ Վ. Մեջլումյանն անհանգստանում էր լրագրողների սուր հարցերի արդյունքում բանվորների անկանխատեսելի քայլերից: Այս մթնոլորտում էլ Վ. Մեջլումյանը բանվորներին տեղեկացրեց. «Ուրեմն ես կրկնեմ, որ ոչ մի հատուկ ցանկություն, որպեսզի շահույթները ավելացնելով դուրս շպրտենք մի քանի հարյուր հոգի, մեր կողմից չկա»:
Պ. Մեժլումյանը և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը բանվորներին տեղեկացրին միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով ընկերությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին. «Ուզենք, թե չուզենք, մեր ընկերությունների գործունեությունը խիստ ձևով կապված է միջազգային շուկայի հետ, փաստորեն, մեր երկու բիզնեսի տեսակներն էլ` առաջինը խտանյութ արտադրելը, և երկրորդը`պղնձի ձուլման առաջարկները, երկուսն էլ կապված են մի դեպքում գունավոր մետաղների`պղնձի և մոլիբդենի գների հետ, երկրորդը` մենք մրցունա՞կ ենք, թե՞ չէ: Վերջին երկու ամսվա ընթացքներում միջազգային շուկան այնպիսի կտրուկ ձևով է փոխվել, որ փաստորեն, պղնձի գինը ընկել է ավելի քան երկու անգամ, և այն հանքարտադրությունը, որ ունեինք` փոքր արտադրությունը Ալավերդու հանքում և ավելի լուրջ արտադրություն Դրմբոնի ստորգետնյա հանքում, դարձել են արդեն մի լուրջ գլխացավ: Դեռ մի երկու ամիս առաջ Դրմբոնի հանքավայրը տալիս էր մոտավորապես մեկ մլն դոլարի շահույթ, այսօր մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Դրմբոնի կոմբինատը չլինի կորուստով աշխատող: Պատկերացրեք, որքան հզոր է այն տարբերությունը, որ մենք մեր վրա զգում ենք»:
Պ. Մեջլումյանը նշեց, որ, դժբախտաբար, Թեղուտի հանքավայրի ծրագրերի իրականացումը նույնպես առնչվում է միջազգային ֆինանսական տնտեսական ճգնաժամին: Թեղուտի շինարարությունը ուղղակիորեն կախված է ֆինանսական հոսքերից և միջազգային ֆինանսական վիճակից, որովհետև ֆինանսավորող միջագային բանկը նույնպես ունի ֆինանսական լուրջ պրոբլեմներ: Իհարկե, պրն Մեջլումյանը այս գործընթացներում ապահովագրում էր իշխանություններին. «Ուզում եմ շեշտել, որ այս երևույթները կախված չեն ո՛չ Հայաստանի ղեկավարությունից, ո՛չ ընկերության ղեկավարությունից, ո՛չ էլ մարզային և քաղաքային իշխանություններից, սա զուտ միջազգային մակարդակի տնտեսական երևույթներ են, և պետք է ամեն ինչ անենք, որ այս վիճակից մեր ընկերությունը և նրա աշխատողները ամենաքիչ կորուստներով դուրս գան»:
Թե ընկերության և նրա աշխատողների կորուստները նվազեցնելու համար ՀՀ Կառավարությունը ի՞նչ ծրագրեր է առաջարկել ալավերդցիներին, պրն Մեջլումյանը չմանրամասնեց, սակայն հավաստիացրեց, որ կրճատված 75 բանվորների համար աշխատատեղ կբացվեն Դրմբոնի հանքերում, մյուսներին Ալավերդու քաղաքապետարանի աջակցությամբ վճարովի հասարակական աշխատանքներ կառաջարկվեն: Պ. Մեջլումյանը կրճատման մասին ծանուցում ստացած աշխատողներին խորհուրդ տվեց աշխատանք որոնելու համար մեկնել նաև Ռուսաստան:
Հանդիպումից հետո Վալերի Մեջլումյանը հանդիպեց նաև իր համար անցանկալի լրագրողներին: Զավեշտական էր, սակայն նա ոչ թե պատասխանում էր ընկերության գործունեության վրա միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների հետ առնչվող լրագրողների հարցերին, այլ ամեն կերպ վիրավորում էր ընկերության գործունեության մասին իր համար անցանկալի տեղեկատվություն տարածող լրագրողներին՝ նրանց առաջադրած հարցերը վերածելով հեգնանքի: Միջազգային ֆինանսական ճգնաժամը, հավանաբար, ազդել էր նաև պրն Մեջլումյանի տրամադրության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել